Բաժիններ՝

Պետք է ձեռնարկենք բոլոր միջոցները՝ նման սահմռկելի երևույթները հետայսու կանխելու համար. Կարեն Միրզոյան

Մարդկային ողբերգությունների, ցեղասպանությունների մասին խոսելիս մենք պետք է խուսափենք այն դարձնել քաղաքական շահարկումների առարկա:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին այսօր Ստեփանակերտի հուշահամալիրում սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

«Դա ուղղակի անընդունելի է. այն գնում է մարդկային բանականության, խղճի բոլոր կանոններին հակառակ: Մենք միշտ պիտի շարունակենք խոսել սումգայիթյան ցեղասպանության, Ադրբեջանի տարածքում հայաշատ բնակավայրերում իրականացված էթնիկ զտումների, ցեղասպանության այլ ակտերի մասին, քանի որ նման անպատժելիությունը հղի է նոր վտանգներով. այն պարարտ հող է նախապատրաստում նոր ցեղասպանությունների համար:

Մեր օրերում ևս մենք ականատես ենք լինում, թե ինչպես ցեղասպան մտայնությունը ոչ միայն չի մարում, այլև ընդարձակվում է: Մենք անցյալ տարի ապրիլին ականատես ենք եղել, թե ինչպիսի ոճրագործություններ են կատարել մերօրյա ցեղասպանները: Պետք է ձեռնարկենք բոլոր միջոցները՝ նման սահմռկելի երևույթները հետայսու կանխելու համար»,-ասել է Կ. Միրզոյանը:

Արցախի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ փախստականների հարցը ևս պետք է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում լինի:

«Փախստականների հարցում մեր մոտեցումը հետևյալն է. ցանկացած կարգավորման մոդել, անպայման, պետք է ներառի իր մեջ նրանց իրավունքների պաշտպանությունը: Հնարավոր չէ այնպիսի մի կարգավորում, ուր անտեսվում են մարդկանց իրավունքները, նրանց ճակատագրերը,-նշել է Կ. Միրզոյանը և պարզաբանել,- իրական վիճակին ծանոթ շատ մարդիկ կան, որոնց հետ համագործակցելով, պետք է աշխատենք հանրության շրջանում տարածել ճշմարտությունը: Այդ գործը ոչ միայն պետական կառույցների պարտավորությունն է, այլ յուրաքանչյուր հայի: Բավ է սահմանափակվել անհասցե կոչերով. դրանք ուղղակի ճանապարհ են հարթում հետագա լարվածություններ ստեղծելու համար: Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկենք, որ 1994-95 թվականների հրադադարի ռեժիմի վերաբերյալ համաձայնությունը, ինչպես նաև անցյալ տարի Վիենայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս