Թուրքիայում կալանավորվել է գերմանական Die Welt թերթի լրագրողը
Գերմանական Die Welt թերթի լրագրող Դենիզ Յուսելը ձերբակալվել է թուրքական իշխանությունների կողմից ահաբեկչություն քարոզելու ու ատելություն սերմանելու մեղադրանքով։
Նրան ձերբակալելու որոշում կայացրել է Ստամբուլի դատարանը։
Լրագրողը կալանքի տակ է գտնվում փետրվարի 18-ից։
Յուսելին մեղադրում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսայի՝ Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստից նյութեր հրապարակելու մեջ, որը WikiLeaks-ը կոտրել էր 2016թ. դեկտեմբերին։
Մասնավորապես, նամակներում քննարկվել են թուրքական ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողություն սահմանելը, սոցցանցերում հատուկ օգտահաշիվների ստեղծումը, որոնց օգնությամբ հնարավոր կլիներ ղեկավարել հասարակական կարծիքը։
Յուսելը ունի երկու քաղաքացիություն՝ գերմանական և թուրքական։
Թուրքիայի իշխանությունների գործողությունները բացասական արձագանք են առաջացրել Բեռլինում, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատարանի որոշումը անվանել է «տխուր»։
«Գերմանիայի կառավարությունը հաշվարկում է, որ Յուսելի գործի լույսի ներքո թուրքական արդարադատության համակարգը հաշվի կառնի մամուլի ազատության չափազանց կարևորությունը բոլոր ժողովրդավարական հասարակությունների համար»,- ասվում է Մերկելի հայտարարության մեջ։