
Թրամփին ներկայացվել է ԴԱԻՇ-ին արագ ոչնչացնելու պլան

Պենտագոնը Սպիտակ տանը ներկայացրել է Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի նոր պլան, հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Պենտագոնին հանձնարարել էր 30-օրյա ժամկետում մշակել Սիրիայում և Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի կոնկրետ պլան՝ շեշտը դնելով նրանց ամբողջական ոչնչացման վրա։
Ինչպես տեղեկացրել է Դևիսը, նոր պլանի նախագիծը ներկայացվել է պաշտպանության նախարար Ջիմ Մետիսի կողմից Սպիտակ տանը, այն նախատեսում է «ԴԱԻՇ-ին արագ պարտության մատնում»։
«Մենք մտադիր ենք շարունակել երկխոսությունը ռազմական ղեկավարության հետ՝ պլանի կատարելագործման ու զարգացման համար»,- նշել է գերատեսչության ներկայացուցիչը։
Դիտորդները կարծում են, որ պլանի նախագիծը կարող է նախատեսել Մերձավոր Արևելքում ռազմական կոնտինգենտի ավելացում։