Բաժիններ՝

ՋՏՊԿ ենթակառույցներում էլեկտրաէներգիայի նորագույն հաշվիչ սարքեր կտեղադրվեն

Ջրային տնտեսության պետական կոմիտեի համար առաջնային խնդիրներից մեկը  էներգախնայողություն է: Այս մասին բազմիցս հայտարարել է նաև Կոմիտեի  նախագահ Արսեն Հարությունյանը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հայաստանի էլեկտրական ցանցերի միջև  օրերս ձեռք բերված պայմանավորվածությունը առաջին գործուն քայլն է այս  ուղղությամբ:

ՋՏՊԿ և ՀԷՑ համատեղ նախաձեռնությամբ՝ էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի  հաշվարկային նորագույն սարքեր կտեղադրվեն Կոմիտեի ենթակայության տակ  գտնվող շուրջ 954 կետերում: Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ՝ ոչ միայն  հնարավոր կլինի արխիվավորել հաշվիչ սարքերից ստացված տվյալները, այլև  հետևել դրանց՝ առցանց ռեժիմով:

Ստացված տեղեկությունները թույլ կտան վերահսկել էլեկտրաէներգիայի  հոսքերը՝ կամայական ժամանակահատվածի հաշվարկով, կանխատեսել հնարավոր  ծախսերն ու վեր հանել համակարգի խոցելի  կողմերը: Այսպիսով  էլեկտրաէներգիայի կորուստները կդառնան ոչ միայն տեսանելի և չափելի, այլև՝  վերահսկելի:

Գործընթացի առաջին փուլում, որն, ի դեպ, արդեն մեկնարկել է, նախատեսվում  է 650 հաշվիչ սարքերի տեղադրում: Չնայած եղանակային պայմաններին՝ 7  սարքավորում արդեն իսկ տեղադրվել է: Կարճ ժամանակահատվածում ՋՏՊԿ և ՀԷՑ մասնագետները համատեղ աշխատանք կիրականացնեն՝ առաջնային կարևորության ենթակայաններում սարքերի տեղադրման ուղղությամբ:

Նշենք, որ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման և ծախսի արդյունավետության բարձրացման արդյունքում հնարավոր կլինի շուրջ 10 մլն դրամի խնայողություն անել:

ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս