ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է անհապաղ վերսկսել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտու իրադրության սրումից, ինչպես նաեւ հորդորում է պահպանել հրադադարի ռեժիմը եւ անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները: Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով նոր բախումների վերաբերյալ հաղորդագրություններից»,- ասել է նա՝ նշելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են «լարվածության վտանգավոր մակարդակի իջեցմանը եւ իրադրության հետագա էսկալացիայի կանխմանը»:
Դյուժարիկի խոսքով՝ համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը «հորդորում է կողմերին ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել հրադադարի վերաբերյալ համաձայնագրին, եւ անհապաղ վերսկսել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված առարկայական բանակցությունները»: