ԵՄ­ Հայաստան համաձայնագիրը կբերի նոր հնարավորություններ ներդրումների, շարժունակության ոլորտներում. Դոնալդ Տուսկ

Եվրամիության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր
համաձայնագիրը կընդլայնի հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով նոր գլոբալ քաղաքական շահը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Բրյուսելում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում:

«Հայաստանը, որի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությանը մենք աջակցում ենք, Եվրոպական միության համար կարևոր գործընկեր է: Մենք ուրախ ենք այսօր հայտարարել ԵՄ­Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը:

Այս նոր համաձայնագիրը կընդլայնի մեր հարաբերությունների շրջանակը` հաշվի
առնելով նոր գլոբալ քաղաքական շահը, որը մենք կիսում ենք և այն մարտահրավերները, որոնց առերեսվում ենք միասին: Մենք ակնկալում ենք առավել ամուր համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը և շրջակա միջավայրը, նոր հնարավորություններ առևտրի ու ներդրումների, ինչպես նաև շարժունակության ոլորտներում՝ ի շահ մեր քաղաքացիների:

Մենք այսօր քննարկել ենք նաև այն արժեքները, որոնք մենք կիսում ենք, այդ թվում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հանդեպ մեր հավատարմությունը, որոնք ընկած են մեր նոր համաձայնագրի և մեր հետագա համագործակցության հիմքում»,­ընդգծել է Տուսկը:

Նրա խոսքով՝ ԵՄ­ն արդեն իսկ Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, նրա առաջին միջազգային դոնորը և բարեփոխումների ամենաուժեղ աջակիցը: «Մենք մտադիր ենք առաջիկա տարիների ընդլայնել այս հարաբերությունները և խրախուսում ենք Հայաստանին շարունակել բանակցությունները բոլոր ոլորտներում, այդ թվում` տնտեսական զարգացումը, բիզնես միջավայրը, դատական ոլորտը, մարդու
իրավունքները, պայքարը կոռուպցիայի դեմ և ազատ ու արդար ընտրությունների անցկացման համար նախատեսված միջոցները»,­ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս