Հայաստանը և Եվրամիությունն ավարտել են նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները. Սերժ Սարգսյան

Հայաստանը և Եվրոպական միությունն ավարտել են նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում:

«Այսօրվա հանդիպման կենտրոնական թեման Հայաստան­Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրն է: Այսօր գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերն ավարտել են բանակցությունները: Նոր իրավական փաստաթուղթը՝ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արտահայտում է Հայաստան­ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը:

Միաժամանակ հարկ է նշել, որ շրջանակային համաձայնագրից զատ, մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել նաև ոլորտային համագործակցության առումով` ստորագրելով փոքր և միջին ձեռնարկությունների և նորարարության «Հորիզոն 2020» ծրագիրը: Առաջիկայում հաջողությամբ կավարտենք նաև ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրի և «Ստեղծագործ Եվրոպա» նախաձեռնությանը միանալու աշխատանքները»,­նշեց ՀՀ Նախագահը:

Ընդհանուր առմամբ, նախորդ երկու տարիները, Նախագահ Սարգսյանի գնահատմամբ, ՀՀ­ԵՄ համագործակցության տեսանկյունից առանձնացել են աշխուժությամբ, զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է համագործակցությունը տարբեր
ոլորտներում:

Բրյուսելյան հանդիպման ընթացքում նախատեսված են նաև Սերժ Սարգսյանի հանդիպումները Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան­ Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի և ՆԱՏՕ­ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Բրյուսելում նախատեսված է նաև ՀՀ Նախագահի հանդիպումը «Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետների հետ: Սերժ Սարգսյանը «Կարնեգի» կենտրոնում հանդես կգա ելույթով:

Հանրապետության Նախագահն աշխատանքային այցի շրջանակներում կհանդիպի նաև հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ:

Տեսանյութեր

Լրահոս