Բաժիններ՝

«Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

2016թ. նոյեմբերի 3-ին «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալից հաղորդում է ստացվել առ այն, որ 2015-2016 թվականներին «Վանաձոր» ՔԿՀ-ի պետն իրենից յուրաքանչյուր ամիս գումար է պահանջել և ստացել՝ երկարատև տեսակցություններ տրամադրելու համար, ևս 500 ԱՄն դոլար է պահանջել՝ տեխնիկատնտեսական բաժնում աշխատանքի տեղավորելու համար։

Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում չեն հիմնավորվել դատապարտյալի կողմից մատնանշված հանգամանքները, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ նրա կողմից տրամադրված տեղեկությունների կեղծ լինելու, սուտ մատնություն կատարելու վերաբերյալ։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ դատապարտյալը սուտ մատնություն է կատարել և ՔԿՀ պետին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրել՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի իր խուցը պարբերաբար խուզարկելու և իրեն տեխնիկատնտեսական մասում աշխատանք չտրամադրելու պատճառով վրեժխնդիր լինելու համար։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս