
Ռուզաննա Հակոբյանը վերընտրվեց Գավառի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում

Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցած ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը Գավառի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում վերընտրեց իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյանը:
Հոգաբարձուների խորհրդի նիստը վարել է ԳՊՀ խորհրդի նախագահ, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
ԳՊՀ ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթին սահմանված ժամկետում ԳՊՀ գիտական խորհրդի կողմից առաջադրվել է համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Խաչիկի Հակոբյանի թեկնածությունը, ով ներկայացրել է բուհի զարգացման ծրագիրը՝ «ԳՊՀն՝ կրթական նոր գաղափարախոսության կրող» կարգախոսով:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Աշոտ Խաչատրյանը հայտարարել է փակ գաղտնի քվեարկության արդյունքները, որի համաձայն Ռուզաննա Հակոբյանը միաձայն ընտրվել է ԳՊՀ ռեկտոր:
ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները, շնորհավորելով նորընտիր ռեկտորին, մաղթել են հաջողություններ եւ արգասաբեր աշխատանք: ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանը, ԳՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդ Մուշեղի Ղազարյանին շնորհել է ԳՊՀ պատվավոր դոկտորի կոչում` Գավառի պետական համալսարանի հետ
երկարատեւ եւ արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության զարգացման
ոլորտում ունեցած անգնահատելի վաստակի համար:
Խոսրով Խլղաթյան