«Իմ ձայնալարերի մասին մի մտածեք, բոլորին փորձում եք դաստիարակել, հոգնացրեցիք արդեն». Նաիրա Զոհրաբյանն ու Հերմինե Նաղդալյանն ԱԺ-ում վիճեցին

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ իրենց դաշինքի վերաբերյալ մամուլում շրջանառվող հրապարակումներին:

«Քանի որ այս օրերին ես մամուլում  հանդիպեցի տեղեկատվության, որն անդրադառնում էր «Ծառուկյան» դաշինքի 15 դրույթներին և, մասնավորապես, կուտակայինին՝ հղում անելով 2010  թվականի մեր քվեարկությանը, ես ուզում եմ բոլոր կարգի դիլետանտներին  հիշեցնել, որ 2010 թվականի քվեարկության եզրափակիչ դրույթում նշված է եղել, որ խոսքը վերաբերում է ընդամենը կամավոր սկզբունքին: Այսինքն՝ սույն օրենքով սահմանված դրույթը մտնում է ուժի մեջ միայն կամավորի վերաբերյալ, պարտադիրը 2010 թվականի օրենքում չի եղել: Ուստի նրանք, ովքեր փորձում են տարբեր մանիպուլյացիաներ անել, վերցրեք 2010 թվականի քվեարկությունը, կարդացեք եզրափակիչ դրույթը: Հիշեցնեմ կարճ հիշողություն ունեցողներին, որ նախագիծն ընդհանրապես հետաձգվեց, և 2014-ին, երբ այն բերվեց,  դրա բոլոր լրամշակումներին ԲՀԿ-ն քվեարկել է դեմ: Մնացածը՝ հաջորդ դասին»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ անդրադարձավ Ն. Զոհրաբյանի բարձր խոսելուն. «Ես խնդրում եմ՝ այս դասին էլ, հաջորդ դասին էլ, բոլորին, ովքեր կարճ, երկար հիշողություն ունեն, ձայնալարերն այդքան չծանրաբեռնեն, մի քիչ ցածր և հանգիստ խոսեն: Տիկին Զոհրաբյան, դուք երբ հանգիստ եք խոսում, շատ ավելի հաճելի եք»:

Ն. Զոհրաբյանը տեղից սկսեց բղավել. «Իմ ձայնալարերի մասին մի մտածեք, բոլորին փորձում եք դաստիարակել, հոգնացրեցիք արդեն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս