«Մենք էլ ենք ուզում, որ խնդիրն այնպես լուծվի, որ այդ տղան դրսում լինի». Գալուստ Սահակյանը՝ «հաց բերողի» մասին
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ՕԵԿ ղեկավար Հեղինե Բիշարյանը բարձրացրեց «հաց բերող» Արթուր Սարգսյանի հարցը:
Նա նշեց, որ ամբողջ համացանցը գրում է այն մասին, որ Արթուր Սարգսյանն ունի լուրջ առողջական խնդիրներ. «Ինչպիսի՞ քննարկումներ են տեղի ունեցել քաղաքական մեծամասնության շրջանակներում, ինչո՞ւ է Արթուր Սարգսյանը ձերբակալված, ի՞նչ հանցագործություն է արել, որի համար նա մինչև այսօր տառապում է, առավել ևս, որ բոլորին հայտնի է, որ նա ունի լուրջ առողջական խնդիրներ»:
Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Կարծում եմ՝ նման գործերը քննարկման առարկա չեն մեզ համար, բայց մենք էլ ենք մտածում այդ մասին, մենք էլ ենք ուզում, որ խնդիրն այնպես լուծվի, որ այդ տղան դրսում լինի: Դուք ասում էիք, թե ի՞նչ ենք մտածել, իսկ մտածողների համար հատուկ կարգեր կան, մարդիկ կան, հատուկ մոտեցումներ կան, որոնք մտածում են այդ մասին»: