
«Աստիճանաբար սլանում ենք դեպի պատերազմական էսկալացիա». Լևոն Զուրաբյան

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խոսեց օրերս տեղի ունեցած ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողության մասին, որը, ըստ նրա, կարող էր շատ լուրջ հետևանքներ ունենալ:
«Փառք մեր զինվորներին և հրամանատարներին, որ զգոն են եղել: Այսուհանդերձ, պետք է նկատել, որ նորից ռազմական գործողությունների էսկալացիա է տեղի ունենում: Այս ամենը չի կարելի որպես առանձին դրվագ դիտարկել, սա ապրիլյան պատերազմի շարունակությունն է և նախերգանքը նոր պատերազմական գործողությունների համար: Ապրիլյան քառօրյա պատերազմը որոշակի սթափեցուցիչ ադեցություն ունեցավ մեր երկրի կառավարող վերնախավի վրա, իշխանությունների, քաղաքական ուժերի, մեր ամբողջ հասարակության վրա:
Տեղի ունեցավ ազգային մոբիլիզացիա, գնաց նաև ինտենսիվ դիվանագիտական աշխատանք, և իրավիճակն ինչ-որ չափով կայունացավ: Բայց, չգիտես ինչու, մեր քաղաքական վերնախավի մի մասի մոտ սա ստեղծել է տպավորություն, որ իրավիճակը կարգավորված է, ու կարելի է շարունակել հին ձևով ապրել: Մենք աստիճանաբար սլանում ենք դեպի պատերազմական էսկալացիա, և, եթե շատ արագ չձեռնարկվեն ադեկվատ գործողություններ ռազմաճակատի գծի ամրապնդման, մեր դիվանագիտական ջանքների ակտիվացման ուղղությամբ, մենք կանգնած ենք կործանարար հետևանքների և հեռանկարների առաջ»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը:
Նա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկեց շատ շտապ հրավիրել ԱԺ փակ նիստ, որում համակողմանիորեն կքննարկվի ստեղծված «պայթյունավտանգ» իրավիճակը և մեր պետության ռազմավարությունը երկրին սպառնացող այս «ճգնաժամի» հաղթահարման ուղղությամբ:
«Մոտեցումն այնպիսին է, որ, ինչպիսին եղել է ժամանակին դիրքերը, դա այդպես էլ պետք է շարունակվի: Մեր խնդիրը պայքարն է, և ես կարծում եմ՝ մենք պետք է պայքարենք մինչև վերջ: Ձեր հարցի վերաբերյալ պետք է կարողանամ հասկանալ, դատել, թե այդ փակ նիստում մենք ինչ ենք անելու»,- ի պատասխան՝ ասաց Գ. Սահակյանը: