
Վրաստանի պատրիարքի կնիքը և ֆաքսիմիլեն կորել են Գերմանիայում Իլիա Բ-ի բուժման ժամանակ

Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերությունը փետրվարի 26-ին տարածել է տեղեկատվություն՝ վկայակոչելով Վրաստանի ուղղափառ եկեղեցու հոգեւոր անձանց, որ փետրվարի 2-ից մինչեւ 13-ը Գերմանիայում պատրիարք Իլիա Բ-ի բուժման ժամանակ պատրիարքությունից կորել են պատրիարքի անձնական կնիքը եւ նրա ֆաքսիմիլեն:
«Կնիքի եւ ֆաքսիմիլեի կորուստը կարող է կապված լինել պատրիարքի կտակի կեղծման հետ՝ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի գահին իր հաջորդի վերաբերյալ»,- «Իմեդի»-ին հայտարարել է աստվածաբան Գիորգի Տիգինաշվիլին:
Հենց այս շրջանում, «Իմեդիի» պնդմամբ, պատրիարքի կնիքի եւ ֆաքսիմիլեի օգտագործմամբ Գերմանայում եւ Ավստրիայում թեմերի ղեկավարի թափուր պաշտոնում Սուրբ Սինոդի գիտությամբ փետրվարի 9-ին ժամանակավորապես նշանակվել է Զուգդիդի եւ Ցաիշի միտրոպոլիտ Գերասիմ Շարաշենիձեն:
«Եթե Գերմանիայում վիրահատության ժամանակ պատրիարքը վախճանվեր, պատրիարքությունում պետք է շտապ կարգով հայտարարեին գահաժառանգին: Դա, անշուշտ, կլիներ պատրիարքի կեղծված կտակը»,- հայտարարել է Գ. Տիգինաշվիլին:
«Իմեդի» հեռուստաընկերությունը, վկայակոչելով «իրազեկ աղբյուրներ», հայտնել է, որ, եթե պատրիարքը բարեհաջող տաներ լեղապարկի վիրահատությունը, պատրաստվել էր նրա ֆիզիկական վերացման պլան՝ ցիանիդ թունավոր նյութի միջոցով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: