
«Լուսնի լույսը» «Օսկար» է նվաճել որպես տարվա լավագույն ֆիլմ

«Լավագույն ֆիլմ» ամենահեղինակավոր անվանակարգում «Օսկար»-ը բաժին է հասել Բարրի Ջենկինսի «Լուսնի լույսը» ժապավենին, թեեւ ավելի վաղ կազմակերպիչները հայտարարել էին պարգեւը ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ» մյուզիքլին շնորհելու մասին:
Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի մրցանակաբաշխության 89-րդ արարողության ավարտին, որը լույս փետրվարի 27-ի գիշերը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, երկու հռչակավոր դերասաններ՝ Ուորեն Բիթին եւ Ֆեյ Դանուեյը, բացել են ծրարները եւ տարվա լավագույն ֆիլմ հայտարարել «Լա Լա Լենդ»-ը: Շազելը բեմ է բարձրացել եւ շնորհակալանքի մի քանի խոսք ասել: Սակայն այդ պահին կազմակերպիչները հայտարարել են, որ սխալ է տեղի ունեցել, որ իրականում մրցանակը շնորհվել է «Լուսնի լույսը» ժապավենին:
32-ամյա Դեմիեն Շազելը, որը նկարահանել է «Լա Լա Լենդ» երաժշտական կինոնկարը «Օսկար» մրցանակ է նվաճել «Լավագույն ռեժիսուրա» հեղինակավոր անվանակարգում: «Այդ ֆիլմը սիրո մասին է, ուստի այս պարգեւը ես նվիրում եմ իմ սիրեցյալին, որը նստած Է դահլիճում, Օլիվիային»,- ասել է Շազելը նվիրական արձանիկն ստանալուց հետո:
41-ամյա Քեյսի Աֆլեքը, որ գլխավոր դերն է խաղացել «Մանչեսթր ծովափին» ֆիլմում, «Օսկարի» է արժանեցել «Լավագույն դերասան» անվանակարգում:
Լավագույն դերասանուհի է ճանաչվել «Լա Լա Լենդ»ում խաղացած Էմմա Սթոունը: «Ռայան Գոսլինգ, շնորհակալություն քեզ, որ նկարահանումների ժամանակ ստիպում էիր ինձ անընդհատ ժպտալ»,- դիմել է դերասանուհին կինոնկարում իր խաղընկերոջը:
Դերասանուհի Վիոլա Դեւիսը, որը խաղացել է ռեժիսոր Դենզել Վաշինգտոնի «Պարիսպներ» ֆիլմում, «Օսկար»-ի դափնեկիր է դարձել երկրորդ պլանի դերի համար: Ընդունելով արձանիկը, Դեւիսը նշել է, որ այդ ֆիլմը «մարդկանց ու ներման մասին է»: «Ինձ համար Տիեզերք են դարձել մարդիկ, որոնք ինձ սովորեցրել են չկատարել սխալներ, հարգել ու սիրել շրջապատողներին»,- ասել է նա՝ հուզմունքից հազիվ զսպելով արցունքները:
43-ամյա ամերիկացի դերասան Մահերշալա Ալին «Օսկար» մրցանակ է շահել «Լուսնի լույսը» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:










