Բաժիններ՝

ԼՂՀ ԱԺ «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի կոչը

Տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ վարվող այլատյացության քաղաքականությանն այս օրերին գումարվել է նաև համաշխարհային հանրության, մասնավորապես բարի կամքի տեր մարդկանց նկատմամբ ահաբեկումն ու անհանդուրժողականությունը: «Լապշինի գործում» թվացյալ հաջողություն արձանագրելուց հետո Ադրբեջանի կեցվածքն ավելի լկտի ու սանձարձակ է դարձել՝ այս անգամ թիրախավորելով Եվրախորհրդարանի, տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորների, հասարակական ու քաղաքական գործիչների:

Արցախ այցելելու և սահմանադրության հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այս անգամ էլ հանդես է եկել  Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Էլենի Թեոխարուսի և Յարոմիր Շտետինայի դեմ քրեական գործ հարուցելու մասին հայտարարությամբ:

Մենք մեծապես կարևորում ենք աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար քաղաքական գործիչների կողմից ձեռնարկվող քայլերը և վերահաստատում մեր աջակցությունը նրանց ջանքերին:

Մենք արժևորում ենք Ադրբեջանի շանտաժներին չենթարկվելու ԵԽ պատգամավորների վճռականությունը, փաստում, որ նրանց վարքագիծը եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու իրողության լավագույն դրսևորումն է:

Կարդացեք նաև

Մենք՝ ԱԺ «Արցախի հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի պատգամավորներս, կոչ ենք անում միջազգային կառույցներին, հասարակական ու քաղաքական գործիչներին համարժեք քայլերով զսպել Ադրբեջանի հակաիրավական և հակամարդկային քայլերը, որոնք ամենաթողության տպավորություն են ստեղծում Բաքվի իշխանությունների մոտ և մեծապես վնասում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

«Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի  անդամներ՝

Վահրամ Բալայան
Արամ Գրիգորյան
Ռամելա Դադայան
Վարդգես Ուլուբաբյան
Գեորգի Պետրոսյան
Դավիթ Մելքումյան
Վարդգես Բաղրյան
Գագիկ Բաղունց
Հայկ Խանումյան
Ստեփանակերտ
25 փետրվարի, 2017 թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս