Բաժիններ՝

Հայկական ստարտափն առաջարկում է Facebook-ի գրառումների միջոցով գումար վաստակել

Հայկական Social Bridge նորարարական հարթակն իր օգտատերերին առաջարկում է Facebook սոցիալական կայքում արված գրառումների միջոցով գումար վաստակել:

Social Bridge-ը  սոցիալական ցանցերում արժեքավոր տեղեկատվություն տարածող օգտատերերին և այդ տեղեկատվությամբ հետաքրքրված կազմակերպություններին կապող հարթակ է, որը  ստեղծվել է 2015 թվականին հիմնադրված «Ռումորս» ՍՊԸ-ի կողմից։

Social Bridge հարթակը կապ է ստեղծում սոցցանցերի օգտատերերի և մոնիտորինգ իրականացնող կազմակերպությունների միջև: Facebook սոցցանցի օգտատերերը կարող են գրանցվել Social Bridge-ում, ինչից հետո նրանց հրապարակումները մեխանիկորեն կհայտնվեն հարթակում: Օգտատերերի հաշիվներին պարբերաբար կավելանա գումար՝ կախված հրապարակման հավանումների և կիսումների թվից:

Ֆեյսբուքյան օգտատերերը, իրենց կարծիքը հայտնելով այս կամ այն հարցի, ծառայության կամ ապրանքի վերաբերյալ, գումար են վաստակում այս հարթակում։  Մյուս կողմից՝ այդ կարծիքներով հետաքրքրվող կազմակերպությունները ֆեյսբուքյան մոնիտորինգի արդյունքում բարելավում են իրենց ծառայությունների և ապրանքների որակը, ինչպես նաև՝ ամրապնդում իրենց դիրքերը շուկայում։

Կարդացեք նաև

«Social Bridge-ի միջոցով հնարավոր է մոնիտորինգ իրականացնել նաև սոցցանցերում:  Միլիոնավոր կազմակերպություններ իրենց բիզնես ռազմավարությունները բարելավելու համար փորձում են հետևել սոցցանցերում տիրող «աղմուկին»։ Նրանք ցանկանում են իմանալ, թե ինչ է խոսում հասարակությունն իրենց մասին և հնարավորինս շուտ ծանուցումներ ստանալ՝ բաց չթողնելով իրենց հետ առնչվող և ոչ մի խոսակցություն»,- նշում են ստարտափի հիմնադիրները:

Նորարարական հարթակում գրանցումը բաց է, այսինքն՝ մոնիտորինգ կարող են իրականացնել բոլոր կազմակերպությունները կամ անհատները: Ելնելով երկուստեք շահերից՝ ստարտափի հիմնադիրները չեն հրապարակում ոչ մոնիտորինգ իրականացնող ընկերությունների, և ոչ էլ Facebook-ի միջոցով գրանցված օգտատերերի ցուցակը:

Ստարտափի հեղինակները նշում են, որ Social Bridge-ում այժմ գրանցված է 5000-ից ավելի օգտատեր և 200-ից ավելի մոնիտորինգ իրականացնող կազմակերպություն կամ անհատ:

Նշենք նաև, որ նորարարական հարթակը դարձել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից կազմակերպված STEP «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի հաղթող։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս