Մահացել է Ջուլիետա Զաքարյանը
ՀՀ առողջապահության նախարարությունը ցավով տեղեկացել է վաստակաշատ մանկական վիրաբույժ, ուրոլոգ Ջուլիետա Զաքարյանի (Վանյան) մահվան մասին։ Նա իր ամուսնու՝ պրոֆեսոր Ալբերտ Վանյանի հետ մեծ ներդրում է ունեցել Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական վիրաբուժության ամբիոնի ստեղծման և կայացման գործում։
Ջուլիետա Զաքարյանն է ղեկավարել մանկական ուրոլոգիական առաջին բաժանմունքը։ Հանրապետությունում առաջիններից մեկն էր, որ կատարում էր բնածին արատներով երեխաների վերականգնողական և ուրոլոգիական մի շարք վիրահատություններ։ Նրա փորձն ուսանելի էր երիտասարդ մասնագետների համար։
Ջուլիետա Զաքարյանն ավարտել է Օմսկի պետական բժշկական համալսարանը` ստանալով վիրաբույժի որակավորում։ Աշխատանքային գործունեությունն սկսել է Լենինականի արյան փոխներարկման բաժանմունքում` որպես բաժնի վարիչ։
Ստանալով մանկական վիրաբույժի որակավորում` 1965-1974թթ. ղեկավարել է Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոցի մանկական ուրոլոգիական բաժանմունքը։
1980-1982թթ. ղեկավարել է թիվ 3 մանկական հիվանդանոցի («Սուրբ Աստվածամայր» ԲԿ) ուրոլոգիական բաժանմունքը։
1984-2000թթ. որպես մանկական վիրաբույժ-ուրոլոգ աշխատել է առաջին մանկական հիվանդանոցում։
Ջուլիետա Զաքարյանի գործընկերները նրան կհիշեն որպես մարդասիրական իր մասնագիտությանը նվիրված, կարեկից մարդու։
ՀՀ առողջապահության նախարարությունը վշտակցություն և զորակցություն է հայտնում հանգուցյալի ամուսնուն, հարազատներին ու մերձավորներին։
Ջուլիետա Զաքարյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորք, 5-րդ զանգված) փետրվարի 24-ին, ժամը 18։00-ին։