«Արցախի հերոսն իրավունք չունի իջնել այդ մակարդակի». Գառնիկ Իսագուլյանը՝ Սամվել Բաբայանին

«Ես բավականին ծանր ապրումներ ունեցա՝ տեսնելով Սամվել Բաբայանի գնահատականները»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով ԼՂՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ Արցախի հանրաքվեի վերաբերյալ հնչեցրած գնահատականների մասին:

Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում Ս. Բաբայանը ասել էր. «Արցախի ժողովուրդը չէր էլ հասկանում՝ դա ինչ է, ու ինչ էր կատարվում։ Նրան ասել էին՝ գնա՝ սա արա, գնաց՝ արեց։ Ուրիշ ոչինչ չկա։ Դա լուրջ չէ։ Ասել, թե Արցախում դեմոկրատական հանրաքվե է եղել, դա ծիծաղելի է։ Ինձ մի ծիծաղեցրեք»։

Գ. Իսագուլյանը նշեց, որ ինքը Սամվել Բաբայանին ճանաչում է շատ վաղուց, գիտի նրա ծառայությունները մեր հայրենիքի, հատկապես Արցախի հանդեպ.

«Վերջապես, գեներալ-լեյտենանտ է, Արցախի հերոս, մարդ, որի հետ պատմություն կա կապված՝ մի ամբողջ ազատամարտ, և ինքն ունեցել է մեծագույն դերակատարություն: Հասկանալի է, հետագայում կյանքը դասավորել է այլ կերպ, պարոն Բաբայանը հայտնվել է հայրենիքից հեռու բավականին երկար ժամանակ, հիմա նորից վերադարձել է հայրենիք:

Գուցե կար ինչ-որ սպասելիք, որ նրան կարող են ընդունել դափնեպսակներով, այդպես չի եղել: Կյանքը փոխվել է, մենք բոլորս փոխվել ենք, և դա էլ է հասկանալի: Ամեն ինչ կլիներ ընկալելի և հասկանալի, եթե այդ ամեն ինչին չհետևեին վերջին հարցազրույցները՝ նախ՝ ԼՂՀ հանրաքվեի հետ կապված, երբ ինքը, անտեսելով հանրաքվեի որակի վերաբերյալ 30-ից ավելի երկրներից ժամանած 100-ից ավելի միջազգային դիտորդների կարծիքն այն արձագանքների վերաբերյալ, որ առկա են, հաշվի չառնելով Ադրբեջանի կողմից բարձրացված վայնասունը, հակարծ ասում է մտքեր, որոնք հանրաքվեի որակի կամ նրա գնահատականի վրա չէ, որ ազդում են, դրանց արժեքը չէ, որ գցում են, դա գցում է Սամվել Բաբայան մարդ հերոսի արժեքը, երբ ինքն այն տարածքում, որտեղ հերոսացել է, այդ տարածքում անցկացվող հանրաքվեի հետ կապված նման որակումներ է տալիս՝ ցիրկ է անվանում, չգիտես ինչու, համարում է, որ այդ ժողովուրդը չի հասկանում, թե ինչ է անում,  այդ ժողովուրդն արդեն միայն ցիրկ գնացող է, նրան քշել-տարել են:

Ժողովուրդ, որը պատերազմում կարողացել է տանել հերոսական հաղթանակ, ընդ որում՝ հենց պարոն Բաբայանի առաջնորդությամբ, հանկարծ այսօր վերածվել է ցիրկի, որին քշում են հանրաքվեի ու նկարչություն են անում»:

Գ. Իսագուլյանը հիշեցրեց, որ երբ Սամվել Բաբայանը դրսում էր, իր ընկերներից շատերը մտահոգություն են ունեցել, թե ինչպես կարելի է ազգային հերոսին թույլ տալ, որ այդ վիճակով մնա դրսում, մտածում էին՝ ամեն ինչ պետք է անել, որ նա հայրենիք վերադառնա.

«Մտավախություն կար, որ մեզ թշնամի պետությունը կարող է հանկարծ այս հերոսի նկատմամբ ոտնձգություն անել, բայց հիմա էլ մտավախություն կա, որ այդ նույն թշնամի պետությունն Արցախում անցկացված հանրաքվեի հետ կապված, որպես բնութագիր՝ կարող է այդ նույն հերոսի մտքերը տիրաժավորել: Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ մեծ վտանգ է»:

Հարցին՝ Սամվել Բաբայանն այդ վտանգը չի՞ գիտակցում, Գ. Իսագուլյանը պատասխանեց, որ չգիտի, նրան պետք է հարցնել.

«Ինձ համար անհասկանալի է, որ իմ ընկերը, ազգային հերոսը կարող է հանկարծ այդպիսի կարծիք ունենալ, որ մարդ, որի համար մենք վախենում էինք, որ Ադրբեջանը նրա նկատմամբ որևէ գործողություն անի, հիմա այդ նույն Ադրբեջանը կարող է մեջբերել Սամվել Բաբայանի արտահայտած մտքերը հանրաքվեի վերաբերյալ, այդ ժամանակ ես  ի՞նչ եմ անելու իմ հերոսի համար, կամ ինքն ինչպե՞ս է նայելու մարդկանց աչքերին»:

Մեր այն հարցին էլ, թե՝ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ Ս. Բաբայանը նման գնահատականներ է հնչեցնում, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց.

«Ես չգիտեմ, կարծում եմ՝ բացառապես անձնական խնդիր է, ինչ-որ մի բան կատարվում է մարդկանց հետ, որոնց թվում է, թե աշխարհն իրենց շուրջ է պտտվում, որ իրենք ամեն ինչ կանխատեսում են, ամեն ինչ ասել են ժամանակին: Ես ուղղակի խնդրում եմ իմ ընկերոջը, հորդորում եմ՝ ազգի հերոսը, Արցախի հերոսը, մեծ ծառայություններ մատուցածը իրավունք չունի իջնել այդ մակարդակի և ասել բաներ, որ կարող են մեր թշնամու ջրաղացի համար ջուր դառնալ»:

Տեսանյութեր

Լրահոս