ՏՄՊՊՀ-ն խախտումներ է գտել TV Market-ներով վաճառվող ապրանքների շուկայում
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի շարք բողոքների հիման վրա կատարել է ուսումնասիրություն հեռուստատեսային խանութների (TV market), այլ կերպ ասած՝ հեռուստատեսային գովազդի միջոցով վաճառվող ապրանքների շուկայում:
Ինչպես տեղեկացրին ՏՄՊՊՀ-ի մամուլի ծառայությունից, ստացված բողոքների համաձայն, նման կերպ առաջարկվող ապրանքները ոչ միշտ են համապատասխանում գովազդին: Մասնավորապես, ձեռք բերման պայմանները և անգամ գնային առաջարկները երբեմն ներկայացվում են ոչ հավաստի՝ մոլորեցնելով սպառողներին:
Վերոնշյալ շուկայի ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը պարզել է, որ նման գործունեությամբ զբաղվող որոշ տնտեսավարողների գործունեության մեջ կան անբարեխիղճ մրցակցության տարրեր: Մասնավորապես, հեռուստատեսային գովազդի միջոցով սպառողին տեղեկացվում է, որ տվյալ ապրանքը վաճառվում է 70 տոկոս զեղչված գնով, սակայն պարզվում է, որ զեղչն իրականում շատ ավելի քիչ է: Մեկ այլ դեպքում տնտեսավարողը գովազդում է, որ վաճառվող ապրանքը հնարավոր է ձեռք բերել ընդամենը 19.900 դրամով, այն դեպքում, երբ այդ ապրանքի իրական գինը իբրև 115 հազար դրամ է:
Սակայն ՏՄՊՊՀ-ը պարզել է, որ 115 հազար դրամ արժողություն ունեցող ապրանքի անվան տակ գովազդվող ապրանքը մատակարար ընկերությունից հնարավոր է գնել մինչև 25 հազար դրամով: Ստացվում է, որ տնտեսավարողը ուռճացված է ներկայացրել գինը՝ հնարավորինս շատ վաճառք իրականացնելու նպատակով: Խնդրահարույց է նաև այն հանգամանքը, երբ տնտեսավարողը գովազդի ժամանակ նշում է.
«Շտապեք, զանգահարեք հենց հիմա, քանի որ առաջիկա հինգ րոպեների ընթացքում պատվիրողները կստանան անակնկալ նվերներ», այն դեպքում, երբ ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ ցանկացած դեպքում գնորդներին տրվում են այդ «անակնկալները»: Որոշ դեպքերում էլ ապրանքի բաղկացուցիչ մաս հանդիսացող իրը ներկայացվում է իբրև նվեր, մինչդեռ ապրանքի մի մասը վաճառելը, իսկ մյուս մասը իբրև նվեր ներկայացնելը սպառողներին մոլորեցնելու տարրեր է պարունակում: Գնորդները դժգոհում են նաև, որ հեռարձակվող գովազդներում ապրանքների առաքման համար լրացուցիչ պայմանների, ներառյալ առաքման վճարի մասին տեղեկատվությունը բացակայում է՝ չնայած այն հանգամանքին, որ ընկերությունները գնորդներից առաքման համար լրացուցիչ գումար են գանձում:
ՏՄՊՊՀ որոշմամբ, տնտեսավարողները պարտավոր են սեղմ ժամկետներում շտկել վերոնշյալ խնդիրները: Ընկերությունների կողմից հեռարձակվող գովազդում պետք է հստակ ներառված լինի էական նշանակություն ունեցող բոլոր պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը: Հետևապես Հանձնաժողովը տնտեսավարողներին հորդորում է զերծ մնալ նման գործելաոճից և վաճառվող ապրանքի վերաբերյալ սպառողներին ներկայացնել միայն լիարժեք, հավաստի և ամբողջական տեղեկատվություն:
ՏՄՊՊՀ-ն նշում է նաև, որ ուսումնասիրության ընթացքում որոշ տնտեսավարողների մոտ բարձրացված հարցերն արդեն իսկ շտկվել են: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովը լինելու է հետևողական՝ բարձրացված խնդիրների լիարժեք լուծման հարցում: