«Դաշինքներում ականներ են տեղադրված». Գուրգեն Եղիազարյանը սպառնում է անուններ հնչեցնել

«Ընտրություններին ես քվեարկելու եմ իմ օգտին՝ բոլոր նրանց համար, ովքեր դեմ են Սերժ Սարգսյանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ «Ելքը» և ուրիշ շատ ուժեր իրենց ծրագրերով քաղաքացիներին այնպես են տրամադրելու, որ նրանք խելակորույս վազելու են ընտրատեղամաս՝ առանց վեր հանելու այս տարիների ամբողջը, ինչ ջարդվել է հայ ազգի գլխին. «Թույլ տվեք կասկածել այն ծրագրին, որն այդպես միանգամից հաղթանակի կբերի: Ամենալավագույն ծրագրերն էլ երբեք Հայաստանում չեն աշխատել: Դաշինքներում ականներ են տեղադրված, այսօր նույնիսկ կարելի է ասել՝ ով  և ինչպես են անցնելու: Մի 15 օրից կասեմ ավելի ստույգ ու ազգանուններով: Խնդիրը նրանումն է, թե ինչ կլինի ԱԺ-ում ընտրություններից հետո: Սերժ Սարգսյանը պետք է ստանա բացարձակ մեծամասնություն, ինչի համար այսօր ամեն ինչ արվում է՝ շատ գեղեցիկ, փափուկ անունների տակ: Մարդիկ լուծում են իրենց խնդիրը՝ ԱԺ մտնելու և շեֆի ցանկությունն ի կատար ածելու»:

«Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանն էլ կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի ամենակարողության մասին խոսակցություններն են հենց ուժեղացնում Սերժ Սարգսյանին և ամենևին էլ չեն ուժեղացնում ընդդիմությանը:

«Ես պետք է հիմա բացահայտեմ մեր ծրագրի առաջին կետերից մեկը, որը վերաբերում է անցած 25 տարիներին անխտիր բոլոր պաշտոնյաների ունեցվածքի գույքագրմանը: Սա մեր ծրագրի ամենակարևորագույն քայլերից մեկն է, որը թույլ կտա մեզ պարզելու, թե անցած 25 տարիների ընթացքում՝  սկսած 1990 թվականից, ով որքան է հարստացել, ով է գործել որպես պետական պաշտոնյա՝ ազնիվ, ով՝ ոչ: Դա թույլ կտա նաև երկրի բյուջեին զգալի վնասներ հասցրած պաշտոնյաներին պատասխանատվության  կանչել և վերականգնել այդ վնասները»,- նշեց Ա. Հարությունյանը:

Կարդացեք նաև

Գ. Եղիազարյանը կրկնեց, որ ոչ մի ծրագրի չի հավատում. «Տեսեք՝ ինչ կատարվեց Վարդան Օսկանյանի որդու հետ: Պազվեց, որ մարդ է առևանգել: Շատ հանգիստ կարող են այդ ամեն ինչը ստեղծել, ցուցադրել և Վարդան Օսկանյանին կախել որոշակի խնդիրներից, այն մարդուն, որը դուրս է եկել գործող իշխանության դեմ: Հենց դրանով իշխանություններն ապացուցեցին, որ այն լրջագույնս ընդդիմադիր միավորում է»:

«Մեզնից ավելի շատ Սերժ Սարգսյանին քննադատող ևս մեկ ուժ բերեք, ձեր նույն նշած Սեյրան Օհանյանն ընդամենը մի քանի ամիս առաջ է սկսել քննադատել, ձեր նշած Վարդան Օսկանյանը տարիներով չի գնացել ԱԺ, թթու խոսք չի ասել Սերժ Սարգսյանի հասցեին: Նույն Վարդան Օսկանյանի նկատմամբ, այո, քաղաքական հետապնդում կա, այսինքն՝ քաղաքական ենթատեքստ կա, որի մասին մեր դաշինքի անդամ Արամ Սարգսյանն ասել է: Ես չեմ լսել այդ դաշինքից որևէ մեկին, որ Օսկանյանի որդու գործի մասին խոսի»,- նշեց Ա. Հարությունյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս