Բաժիններ՝

Ինչո՞ւ 1-3-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակները դրված չեն համապատասխան կայքերում

Պետությունը տարրական դասարանների աշակերտներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ապահովում է անվճար դասագրքերով, որը ողջունելի է:

Սակայն 5-12-րդ դասարանների այն դասագրքերը, որոնք ստեղծվում են մրցույթներով և տպագրվում են Դասագրքերի շրջանառու հիմնադրամի միջոցներով, դրված են համապատասխան կայքերում, իսկ 1-3-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակները դրված չեն (հավանաբար դասագրքերի հեղինակային իրավուքները պաշտպանելու նպատակով):

Այդ դասագրքերի էլեկտրոնային տարբերակների կարիքը համապատասխան կայքերում շատ կա և կարող է շատ խնդիրներ լուծել: Մասնավորապես, վերջերս բախվեցի հետևյալ փաստի հետ: Վանաձորի թ.6 դպրոցի 3-րդ դասարանում է սովորում տեսողության ծանր խանգարում ունեցող մի երեխա, ում կրթությունը կազմակերպելու համար անհրաժեշտ էին 3-րդ դասարանի դասագրքերի էլեկտրոնային տարբերակները, որպեսզի համակարգիչը կարդար երեխայի համար: Պարզվեց՝ դրանք չկան: Վստահ եմ, որ այս խնդրի առջև կանգնում են նաև տեսողության խանգարում ունեցող երեխաների թ.14 հատուկ դպրոցի ուսուցիչները, որովհետև ամեն տեղ կան համակարգիչներ, որոնք համապատասխան ծրագրերով ներբեռնելու դեպքում երեխան կարող է լսել ցանկացած դասն ու շատ դեպքերում այս մեթոդն ավելի մատչելի կարող է լինել աշակերտի համար: Այս հնարավորությունից նրանք փաստորեն զրկված են:

Այսօր նամակով դիմեցի ԿԳ նախարար պարոն Լևոն Մկրտչյանին.

«Այս հարցը բարձրացնում եմ ԿԳ նախարարության աշխատակազմի առջև ու հույս հայտնում, որ 1-3-րդ դասարանների դասագրքերն էլ կունենան իրենց էլեկտրոնային տարբերակները: Հարգելիներս, իմացեք, որ առնվազն մեկ երեխա՝ վանաձորցի Ալիկը, անհամբեր սպասում է իր դասագրքերի էլեկտրոնային տարբերակներին, որովհետև ինքը սովորում է վանաձորյան հանրակրթական դպրոցում ու բրայլյան դասագրքեր չունի, բայց ունի հայերեն խոսող համակարգիչ, որն իր համար կկարդա ցանկացած դասագիրք, ինչպես կարդում է Ալիկի սիրած հեքիաթների խոսող տարբերակները»:

Ալիկն անհամբեր սպասում է ԿԳ նախարարության պատասխանին:

Անահիտ Բախշյան
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն
Երևանի ավագանու անդամ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս