Ադրբեջանը Արցախի Ազոխի քարանձավ այցելած եվրոպացի գիտնականների նկատմամբ հետախուզում է հայտարարել
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Հայաստանի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի գիտնակականների դեմ, որոնք դաշտային հետազոտություններ էին անցկացրել Արցախի Հադրութի շրջանում գտնվող «Ազոխի քարանձավ» պետական բնապատմական արգելոցում, հայտնում է ադրբեջանական Contact.az պորտալը։
Ադրբեջանի Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով քրեական գործեր են հարուցվել Հայաստանի ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի աշխատակից Լևոն Եպիսկոպոսյանի, քարանձավի տարածքում հետազոտություններ իրականացրած Իսպանիայի բնական գիտությունների ազգային թանգարանի աշխատակից Իոլանդա Ֆերնանդես Խալվոյի (Dr. Yolanda Fernandez-Jalvo, Museo Nacional de Ciencias Naturales), Մեծ Բրիտանիայի Բլենֆորդի թանգարանի աշխատակից Տանիա Քինգի (Dr. Tania King) Մեծ Բրիտանիայի բնական պատմության թանգարանի աշխատակից Փեթեր
Էնդրյուսի (Dr. Peter Andrews, Natural History Museum, London) նկատմամբ։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը տարածած հաղորդագրության մեջ հայտնում է, որ նրանք հնագիտական պեղումներ են իրականացրել Ազոխի քարանձավում։
Գիտնականների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։
Նշվում է, որ համապատասխան հարցումն ուղարկվել է «Ինտերպոլ»։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «անցանկալի անձանց» ցուցակում էր ներառել եվրոպացի գիտնականների անունները։
Ազոխի քարանձավը (ավելի հին անվանումը՝ Որվան, Որվանի անձավ) գտնվում է Արցախի հարավային մասում՝ Հադրութի շրջանում: Կրաքարե այս քարանձավը ունի շուրջ 8000 քառակուսի մետր մակերես և պարունակում է ութ լայն այրերով 600 մ երկարությամբ խճճված անցքեր։ Այն տարածաշրջանի հնագիտության և հնէաբանության կարևոր հնավայրերից է, որով կուսումնասիրվեն նախնադարի մարդկանց տեղաշարժերը Հայկական լեռնաշխարհով։
1968 թ. պեղումներով հայտնաբերվել է նեանդերթալյան նախամարդու ծնոտոսկր, որը 300 հազար տարեկան է և աշխարհի այս մասի նեանդերթալյան մարդու ամենահին մնացորդն է։