«Եվրախորհրդարանի պատգամավոր լինելը հիմքեր չի տալիս՝ խախտելու միջազգային իրավունքն ու այլ պետությունների օրենքները». Ադրբեջանի ԱԳՆ
«Եվրախորհրդարանի պատգամավոր լինելը իմունիտետ և հիմքեր չի տալիս՝ խախտելու միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, այլ պետությունների օրենքները։
Այնպիսիք, ինչպիսիք են Ֆրանկ Էնգելը (Լյուքսեմբուրգ), Էլենի Տեոխարուսը (Կիպրոս) և Յարոմիր Շետինան (Չեխիա), պարբերաբար անում են միջազգային մակարդակով ճանաչված Ադրբեջանի տարածքների խախտման կոչեր, իրականացնում են այդ ուղղությամբ գործնական քայլեր, զբաղվում են ագրեսիվ անջատողականության ու անօրինական ռեժիմի քարոզչությամբ, որը ստեղծվել է Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ագրեսիայի արդյունքում, ինչպես նաև տարածում են ապատեղեկատվություն, էթնիկ ու կրոնական հիմքի վրա խտրականություն»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ «ողջ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրամիությունը, աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը», սակայն դա անտեսելով եվրապատգամավորները, որոնք «համերաշխ են Հայաստանի և ռեժիմի հետ», ձգտում են խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը ու դիտավորյալ ցանկանում են խորացնել տարածաշրջանի անկայուն իրավիճակը, ինչպես նաև լոբբինգ են իրականացնում Հայաստանի օգտին»։
Հաջիևը հայտարարել է, թե նրանց գործունեությունը «առաջին հերթին հակասում է ԵՄ ու Եվրախորհրդարանի ունիվերսալ արժեքներին»։
«Հիմա այդ անձինք, այն բանից հետո, երբ իրենց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կփորձեն իրենց անօրինական գործողությունները թաքցնել «ժողովրդավարության» տակ ու թաքնվել Եվրախորհրդարանի հովանոցի տակ»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի 3 պատգամավորների նկատմամբ՝ կապված այն բանի հետ, որ վերջիններս այցելել են Արցախի Հանրապետություն՝ դիտորդական առաքելություն անցկացնելու Սահմանադրական հանրաքվեում։
Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնել են, որ դատարանը որոշել է կալանավորել վերջիններիս, նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «Ինտերպոլի» գծով։