«Սկզբից էլ ես այդ խաղի մեջ եղել եմ». Սամվել Բաբայան
Հարցազրույց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ:
‐ Պարոն Բաբայան, Հայաստանում ինչո՞ւ անցան խորհրդարանական կառավարման համակարգին:
‐ՀՀ նախագահն իր համար կոստյում է կարել, բա էլ ինչպես իշխանություն պահի: Կարծում եք Սերժ Սարգսյանը վաղը հեռանալո՞ւ է իշխանությունից: Այն, ինչ 2015թ. փետրվարին կատարվեց Գագիկ Ծառուկյանի հետ, դա խա՞ղ էր: Բոլորս էլ գիտենք, որ այդ փոփոխությունների գլխավոր խնդիրն է, որ ՀՀԿ‐ն շարունակի իշխել Հայաստանում:
‐ Կարծում եք իշխանությունների համար դժվա՞ր էր գտնել որեւէ մեկին եւ իրենցից հետո ժառանգորդ դարձնել:
‐ Շատ դժվար էր, որովհետեւ կարող է՝ որեւէ մեկը չվերցներ իր վրա այն, ինչ կատարվել է, ու հետո պատասխանատվության առաջ կանգնել: Եվ չկար այն թեկնածուն, որն իրենց շահերը կպաշտպաներ: Կամ էլ համոզված են, որ իրենք անփոխարինելի են, Հայաստանի միակ փրկիչն են: Իսկ թե որ մեկն են իրենք, ես չգիտեմ, քանի որ ես նրանց հետ չեմ շփվում վաղուց:
‐ Ձեր միջեւ կոնֆլիկտը, փաստորեն, չի հարթվում, հաշտության եզրեր չեք գտնում: Նախկինում ասում էին, թե Ս. Բաբայանն է Սերժ Սարգսյանին ԼՂՀ‐ից ու ՀՀ‐ից վտարել, հետո ասում էին, թե Ս. Սարգսյանն է Ս. Բաբայանին քշել:
‐ Մեր մեջ որեւէ կոնֆլիկտ չի եղել, եղել է գաղափարական տարաձայնություն: Իսկ Ս. Բաբայան անձին որեւէ մեկը չի կարող որեւէ տեղից վտարել: Ես բուժման խնդիրների պատճառով եմ Մոսկվայում եղել: Իմ ընտանիքը Հայաստանում էր: Բաբայանն էլ որեւէ մեկին չի վտարել: Ես ասել եմ 2008թ. ընտրություններին, որ եթե մարդ ինչ‐որ տեղ է գործուղվել, պետք չէ դա իմ վրա բարդել:
‐ Պարոն Բաբայան, ակնհայտ է, որ Սեյրան Օհանյան‐Րաֆֆի‐Վարդան Օսկանյան դաշինքը դուք եք ղեկավարում, դուք եք այստեղ որոշումներ կայացնողը: Իհարկե, ձեզանից այն կողմ արդեն Ռոբերտ Քոչարյանն էլ կա, բայց նա արտաքուստ չի երեւում: Այդպիսով՝ ի՞նչ եք ցանկանում անել:
‐ Նախ, ես որեւէ կառույց չեմ ղեկավարում, ես պարզապես ճանաչելով Վ. Օսկանյանին, Ս. Օհանյանին եւ Ր. Հովհաննիսյանին, փորձում եմ նրանց գործին օգտակար լինել: Նրանց ցանկացած հաջողության դեպքում ես որեւէ ակնկալիք չունեմ: Ես տեսնում եմ վտանգ, որ մեր երկիրը նորից կբախվի պատերազմին, ես ուզում եմ, որ մենք այսօրվա նման միահեծան խորհրդարան չունենանք: Ուզում եմ, որ բազմաբեւեռություն լինի, միանձնյա որոշումներ չկայացվեն, քանի որ նման կերպ երկիրը չի կարող զարգանալ:
‐ Դուք հիմա օգնում եք պաշտպանության նախկին նախարար Ս. Օհանյանին, որի պաշտոնավարման ժամանակ՝ ապրիլյան պատերազմին հայկական կողմը հողեր ու դիրքեր կորցրեց, եւ այն մարդուն, որը ոչ վաղ անցյալում ձեզ «չարիք» էր համարել:
‐ Նախ, ԼՂՀ տարածքի այդ կորստի պատասխանատուն ԼՂՀ բանակի հրամանատարն է, ՀՀ պաշտպանության նախարարը երբեւէ ԼՂՀ‐ում դիրք կորցնելու համար պատասխանատվություն չի կրել թե պատերազմի ժամանակ, թե դրանից հետո: Շեշտադրումները պետք է ճիշտ անել: Իսկ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարը միայն քաղաքականություն իրականացնողն է, Գլխավոր շտաբն է բոլոր գործողությունների պատասխանատուն:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինձ չարիք կամ բարիք են անվանել, ես անձնական խնդիրներ չեմ լուծում: Այս մարդիկ, որոնք այսօր միավորվել են, հասարակության մեջ ունեն բարի համբավ, անձեր են, որոնք ունակ են լսելու, քննարկելու եւ որոշում կայացնելու: Դրա համար այսօր ես նրանց կողքին եմ:
‐ Օհանյանը որպես ընդդիմադիր չի ընկալվում, Օսկանյանը նրա հետ ընկալվում է նախկին կամ ներկա իշխանությունների կատարած սխալների պատասխանատուն: Ր. Հովհաննիսյանն ու «Ժառանգությունն» էլ այս համագործակցությամբ ու այլ պատճառներով չունի նախկին վարկանիշը: Այդպիսով՝ ընտրություններում հաջողություն ունենալու համար ինչի՞ վրա եք դրել ձեր հույսը:
‐ Օհանյանն ու այս դաշինքը միակ ընդդիմությունն են: Դրա վառ ապացույցն այն է, որ ողջ մամուլը նրա դեմ է օգտագործվում: Նրանք փաստաթուղթ են ստորագրել, թե ինչ փոփոխություններ պետք է անեն, եւ նրանք միանձնյա որոշում չեն կայացնում: Իսկ ինչ վերաբերում է վարկանիշին կամ կառույցներին, պետք չէ Ադիբեկին կամ բադիբեկին հավատալ, պետք է տարածքներով շրջել ու պարզել, թե քանի ռեալ ռեյտինգային թեկնածուներ ունեն, որտեղ գրասենյակներ կամ համակիրներ կան: Իսկ եթե միջոցների մասին կուզեք հարցնել, ապա օրենքն ասում է, որ կուսակցության անդամները գումարներ են մուծում: Դա ձեզ բավարարո՞ւմ է:
‐Ձեր հեգնանքը հասկանալի է, բայց կարծիք կա, որ Ռ. Քոչարյանը ցանկանում է կուսակցական կամ դաշինքային հենք ստեղծել իր համար: Դա չստացվեց Գ. Ծառուկյանի դեպքում, հիմա դա ձեր եւ այս դաշինքի միջոցով է փորձում անել:
‐ Դաշինքում կա «Ժառանգություն», որն այս կառույցում չի կարող տեսնել Ռ. Քոչարյանի գործողությունները: Բացի այդ, դուք տեսնելու եք, եւ դա ապացուցվելու է, որ քոչարյանական թեւ չի լինելու: Ես բազմիցս հայտարարել եմ, որ սա սերնդափոխության թիմ է լինելու:
‐ Դուք եւ Ս. Օհանյանը նույն պատերազմի սերունդն եք: Վ. Օսկանյանն ու Ր. Հովհաննիսյանը ԱՄՆ‐ից եկած նախկին արտգործնախարարներ եք: Սերնդափոխություն չկա:
‐ Մեր սերունդը առաջնորդում է, բայց ետեւում նոր դեմքեր են: Ժամանակը ցույց կտա, որ պարոն Քոչարյանը որեւէ առնչություն չունի դաշինքի հետ:
‐ Ինչո՞ւ եք խուսափում Քոչարյանի անունը տալուց: Այնպիսի տպավորություն է, որ նա սեւ բիծ է, բոլորը խուսափում են նրա հետ ունեցած կապը ցույց տալուց:
‐ Ես բազմիցս ասել եմ, որ այդ մարդու հետ աշխատել եմ, նրան հարգում եմ: Ցանկացած հարցով կարող են նրա հետ խոսել: Պարզապես անկեղծ ասում եմ, որ նա որեւէ կապ չունի դաշինքի հետ: Եթե գտնում եք, որ խուսափում եմ, սխալվում եք: Կգա ժամանակը, եւ դուք դրանում կհամոզվեք:
‐ Սկզբնական շրջանում կարծիք կար, որ Ս. Օհանյանի շուրջ համախմբվող դաշինքը կհամագործակցի Գագիկ Ծառուկյանի հետ, ու միասին ավելի մեծ բեւեռ կստեղծեն, բայց այդպես չեղավ:
‐ Ես Ծառուկյանի հետ ոչ հանդիպել եմ, ոչ էլ՝ բանակցել: Ինձ հայտնի չի եղել նման բանակցություն, չի էլ հետաքրքրել:
‐ Սկզբում Ս. Օհանյանի շուրջ համախմբվելու համաձայնագիր ստորագրեցին Վ. Օսկանյանը, Վիկտոր Դալլաքյանն ու Արամ Գ. Սարգսյանը: Այնուհետեւ դուք մտաք խաղի մեջ, Ր. Հովհաննիսյանը միացավ, ու առաջին երկուսին դուրս մղեցիք: Ինչո՞ւ:
‐ Սկզբից էլ ես այդ խաղի մեջ եղել եմ եւ իմ պարտքն եմ համարել օգնել այն ուժերին, որոնք կհամախմբվեն ինչ‐որ գաղափարների շուրջ: Բայց երբ մարդիկ համախմբվում են, որ սողալով ԱԺ հասնեն, այս թիմում նրանց համար տեղ չկա: Միգուցե վիրավորական է, բայց դա փաստ է: Ես ապացուցեցի, որ այդ ցուցակը սեւագիր է եղել, որովհետեւ հրապարակվածն ու իր ձեռքի ցուցակը միմյանց հետ կապ չունեն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: