8 միլիոն դոլարի ներդրում՝ քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Քաղաքացիական ավիացիայի ոլորտում այս տարի «Արմենիա միջազգայի օդանավակայաններ» ընկերությունը նախատեսում է իրականացնել 8 միլիոն դոլարի ներդրում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
Նա նշեց, որ ներդրումը հիմնականում ուղղված է լինելու «Զվարթնոց» եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում ենթակառուցվածքների զարգացմանը: «Ձեռք են բերվելու մի շարք սարքավորումներ, «Զվարթնոց» օդանավակայանում վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու վազքուղու մասով»,-ասաց նա:
Սերգեյ Ավետիսյանի խոսքով` հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի վրա, քանի որ այնտեղ տեւական ժամանակ ներդրումներ չեն իրականացվել: ««Շիրակ» օդանավակայանում նախատեսվում է վերանորոգել մեկնման սրահը, փոխել մուտքի ապակիներն ու ավելացնել անցակետերի թիվը, դրանք 4-ից հասցնելով 12-ի»,-ասաց Ավետիսյանը, հավելելով, որ աշխատանքների մեկնարկը կտրվի 2017 թվականի ապրիլից:
Փետրվարի 3-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայան այցի շրջանակներում, օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հայտարարել է, որ ենթակառուցվածքների բարելավման նպատակով իրականացնելու է շուրջ 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որից 3 մլն դոլարը կներդրվի ընթացիկ տարում: Աշխատանքներ են տարվում նոր բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ, այդ նպատակով Գյումրու օդանավակայանում սահմանվել են ծառայությունների ցածր գներ, իսկ որոշ ծառայություններ մատո ւցվում են նույնիսկ անվճար:
Գյումրու «Շիրակ» օդանավակայանը երկար դադարից հետո վերագործարկվել է 2016 թվականին: