Քաղաքապետարանը չնկատելու է տալիս Արման Սահակյանի կնոջ ու Գալուստ Սահակյանի հարսի արարքը. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը չի շտապում որեւէ կերպ գնահատել համար 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանի արարքը, դա որակել օրենքի խախտում եւ համապատասխան տույժ կիրառել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սեդա Հակոբյանը, որը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինն է եւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հարսը, հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որ նրանք մարզերում ապրող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում: Սեդա Հակոբյանի ամուսինն այստեղ պատգամավորի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով:

Մեր թղթակիցը զանգահարել էր նրան, ներկայացել որպես Արման Սահակյանի շտաբի անդամ, եւ Սեդա Հակոբյանը հաստատել էր, որ կարող է մարդ բերել գրանցելու, որին կասեն, թե ում պետք է ընտրել: Քաղաքապետարանից, սակայն հայտարարում են, թե իրենք վստահ չեն, որ թղթակիցը Սեդա Հակոբյանին զանգահարել է աշխատանքային ժամին եւ ոչ նրա անձնական հեռախոսահամարով, որքան էլ հավաստիացրինք, որ նրանց զրույցը եղել է ժամը 17‐17:30‐ի միջակայքում եւ մանկապարտեզի տնօրենի աշխատանքային հեռախոսով ﴾010‐390‐100﴿, իսկ նրանց կապը եղել է գործավարուհու միջոցով:

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:

‐ Պարոն Գեւորգյան, ինչպես եք մեկնաբանում ու գնահատում Երեւանի համար 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանի արարքը, եւ քաղաքապետարանի ինչ քայլ է դրան հետեւելու:

‐ Որեւէ ձեւով չեմ մեկնաբանում, որովհետեւ ես աշխատանքային ժամը չգիտեմ ու չեմ կարող վստահ լինել, որ դա եղել է ոչ բջջային հեռախոսով, որը մարդու կապի անձնական միջոց է:

‐ Ինչպես չեք կարող վստահ լինել: Կարելի է իրեն հարցնել, թող ցույց տա, եթե իր հեռախոսի վրա զանգ կա: Դժվա՞ր է դա պարզելը, եթե կա ցանկություն:

‐ Եթե կոնկրետ գտնում եք, որ խախտում կա, դիմեք պատկան մարմիններին: Վերջ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս