Բաժիններ՝

««Ծառուկյան» դաշինքի առաջարկը, իհարկե, պոպուլիզմ է». Հակոբ Հակոբյան

«Ծառուկյան» դաշինքի ծրագրի որոշ կետեր խիստ քննադատությունների տեղիք են տվել։ Դաշինքի անդամները պնդում են, որ ծրագիրն իր մեջ ներառում է կարճ և կոնկրետ, մասնագիտորեն հիմնավորված, խորը վերլուծության ենթարկված բանաձևեր, որոնք թույլ կտան երկիրը դուրս բերել ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից։ Ծրագրի դրույթներից մեկը կենսաթոշակային կուտակային համակարգն է, որի ընդունման ժամանակ դաշինքի առանցքային ուժի՝ ԲՀԿ-ի պատգամավորները տարբեր անգամներ տարբեր կերպ են քվեարկել։ Եվ հիմա դաշինքում որոշել են, որ կուտակային համակարգը պետք է վերացնել։

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողվի նախագահ Հակոբ Հակոբյանը, որ իր իսկ խոսքով՝ կուտակային կենսաթոշակների բարեփոխումների հիմքերում կանգնած անձնավորություն է, 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանում կենսաթոշակ բարձրացնելու, այսինքն՝ ապագայում, 17 կամ 20 տարի հետո բարձր կենսաթոշակ ստանալու միակ լուծման եղանակը կուտակային համակարգն է։

«Մենք կարող ենք պետական բյուջեի միջոցների հաշվին կենսաթոշակը բարձրացնել տարեկան 10-20%, բայց դա, կախված գնաճից, բերելու է նրան, որ կենսաթոշակառուի ապրելակերպը, սոցիալական պայմանները շատ քիչ կփոխվեն։ Ասենք՝ եթե այսօր նա ստանում է 40 հազար դրամ, ունենք որոշակի գնային համակարգ, վաղը կենսաթոշակը, դառնալով 50 հազար դրամ, գնային համակարգն էլ կդառնա 48 հազարի սահմաններում։ Այսինքն՝  նրա ապրելակերպը կփոխվի՝ ավելանալով ընդամենը 2000 դրամով»,- ասաց Հ.Հակոբյանը։

Ըստ նրա՝ ներդրված համակարգի պարագայում կենսաթոշակը կարելի կլինի բարձրացնել այնպես, որ ստանալով պայմանական և՛ պետական կենսաթոշակ, և՛ կուտակային կենսաթոշակ, քաղաքացին կարող է ունենալ մոտավորապես այսօրվա գների մակարդակով 80-90 հազար դրամի չափով կենսաթոշակ, որը, ըստ նրա, բավարար է կենսաթոշակառուի կենցաղը նորմալ, բարվոք վիճակով պահելու համար։

«Եթե իրենք ունեն այլ տարբերակ, կարող են կուտակային կենսաթոշակը, այսպես ասած,  չեղարկել։ Բայց իրենք չեղարկում են ու տարբերակ չեն առաջարկում»,- ասաց Հակոբյանը։

Հարցին, թե արդյոք դա պոպուլի՞զմ է, թե՞ ոչ, Հակոբյանը պատասխանեց. «Իհա՛րկե  պոպուլիզմ է, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե իրենք չեն ասում՝ ինչ են առաջարկում փոխարենը, դա ի՞նչ է կոչվում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս