
Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում

Փետրվարի 23-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում:
Մասնակցում էին վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցությանը ներկա էր Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:
Վլադիմիր Գասպարյանը վերլուծելով մարզի իրավապահների գործունեությունը՝ անդրադարձավ որոշ հանցատեսակների բացահայտման ուղղությամբ առկա թերացումներին և կարևորեց գործնական պարապմունքների միջոցով անձնակազմի մասնագիտական որակների կատարելագործման անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանը գործնական պարապմունքների նշանակությունը կարևորեց նաև Ազգային ժողովի ընտրությունների շրջանում ոստիկանական պատշաճ ծառայություն կազմակերպելու համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ուղեցույցների յուրացմանը, ինչի շնորհիվ ծառայության պատրաստվող ոստիկանները լիարժեք կտիրապետեն իրենց իրավունքներին ու պարտականություններին:
Ոստիկանության պետը հանձնարարեց օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները իրավախախտումները բացառելու, օրենքի գերակայությունն ապահովելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նաև պատասխանատվությունը հանրային փոխըմբռնում ու հանդուրժողականություն ապահովելու գործում:
Խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների պատասխանատուներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: