
Հայաստանի պատվիրակությունը Վրաստան է ժամանել որոշակի գաղափարներով. Կարեն Կարապետյան

Հայաստանի կառավարական պատվիրակությունը Վրաստան է ժամանել որոշակի գաղափարներով, որոնք նպատակամղված են երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ Թբիլիսիում կայացած հանդիպմանը:
ՀՀ վարչապետը երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել փետրվարի 23-ին: Հայաստանի կառավարական պատվիրակությանը ողջունելու պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի կառավարության վարչակազմի շենքում:
«Հայվրացական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, բայց մենք նաեւ շատ մեծ հեռանկարներ ունենք: Մենք եկել ենք որոշակի գաղափարներով եւ դրանք հաճույքով կքննարկենք ձեզ հետ միասին: Ես վստահ եմ, որ մեր հանդիպումը
կլինի արդյունավետ ու արգասաբեր: Շատ շնորհակալ եմ մեր պատվիրակությանը ջերմորեն ընդունելու համար»,ասել է Կարեն Կարապետյանը:
Կվիրիկաշվիլին նույնպես ընդգծել է երկու երկրների լավ հարաբերությունները: «Վրաստանը եւ Հայաստանը բազմադարյա բարիդրացիական բարեկամական հարաբերություններ ունեն, եւ մենք պետք է մեր ապագա հարաբերությունները կառուցենք այդ լավագույն ավանդույթների վրա»,հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Բանակցությունների ընթացքում Վրաստանի եւ Հայաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են համագործակցության լայն շրջանակի հարցեր եւ պատրաստակամություն հայտնել՝ խորացնելու երկու երկրների բարեկամական հարաբերությունները: