«Հարավային գազային միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար». Մարոշ Շեֆչովիչ
«Հարավային գազային միջանցք» նախագիծը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար։ Մենք բոլորս հասկանում ենք, թե որքան կարևոր է այն Եվրոպայի համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը։
Նա կարևորել է Եվրոպայի ֆինանսական կազմակերպությունների կողմից այդ նախագծին աջակցություն ցուցաբերելը, որը ռազմավարական նշանակություն ունի մայրցամաքի ապագայի համար։
Մարոշ Շեֆչովիչը վստահություն է հայտնել, որ նախագիծը ժամանակին կյանքի կկոչվի։
Հիշեցնենք, որ այսօր Բաքվում մեկնարկել է «Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդատվական խորհրդի երրորդ նիստը, որին մասնակցում են ԱՄՆ Պետդեպի, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները, Վրաստանի, Թուրքիայի, Ալբանիայի, Բուլղարիայի, Չեռնոգորիայի, Խորվաթիայի, Իտալիայի ու Հունաստանի նախարարները։
«Հարավային գազային միջանցքի» խորհրդատվական խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել 2015թ. փետրվարի 12-ին, երկրորդը՝ 2016թ. փետրվարի 29-ին։
Նախագիծը նախատեսում է ադրբեջանական 10 մլրդ խմ գազի տարանցում Կասպյան շրջանից Վրաստանով, Թուրքիայով դեպի Եվրոպա։