«Մեհրիբան Ալիևայի նշանակումն ինձ հիշեցնում է միապետությունը». Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան
Ադրբեջանում և Բոսնիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը ադրբեջանական Meydan TV ընդդիմադիր հեռուստաալիքին տված մեկնաբանությունում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, փոխնախագահ նշանակելու որոշումը անվանել է միապետություն տանող ուղղությամբ քայլ։
«Տվյալ նորությունն ինձ այն մասին է ասում, որ Ադրբեջանն ընտրել է ոչ ժողովրդավարական ուղի: Այս նշանակումն ինձ հիշեցնում է միապետությունը։ Միապետությունում մարդիկ այս կամ այն պաշտոնին նշանակվում են ոչ թե արժանիքների, այլ երկրի ղեկավարի հետ ունեցած ազգակցական կապերի համար։ Նրանց համար, ովքեր այս գործընթացին կողքից են հետևում, հենց այդպիսի տպավորություն է ստեղծվում։
Տիկին Ալիևան նախկինում էլ ուներ լայն լիազորություններ։ Նա բազմաթիվ կառույցների ղեկավար է, այդ թվում՝ Հեյդար Ալիևի հիմնադրամի։ Դա վկայում է մեկ ձեռքում իշխանության կենտրոնացման մասին»,- ասել է նա։
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կնոջը նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ։
Ադրբեջանի նոր Սահմանադրության համաձայն՝ առաջին փոխնախագահը ստանձնում է պետության ղեկավարի պարտականությունները, եթե վերջինս դրանք ի վիճակի չէ կատարել։