«Եթե առաջներում փող էին բաժանում, այժմ այդ նույն մարդիկ ասֆալտ են անում գյուղում, ուրիշ բաներ են անում…». ՀՀԿ-ական պատգամավորը՝ ընտրակաշառքների մասին
«Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանն արդեն լավատես չէ այս ընտրությունների նկատմամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կարծիք հայտնեց, որ այս իշխանությունների ձեռքում ինչ Ընտրական օրենսգիրք էլ դնես, եթե նրանք կամք չունեն ընտրություններն ըստ օրենքի անցկացնելու, ապա այդ ընտրությունները կկեղծվեն:
«Իսկ որ կեղծվելու են, արդեն ազդանշանները կան: Երեկ իմ գործընկեր Նիկոլ Փաշինյանը խոսել էր այն մասին, որ ստացել է թվեր մեծ քանակությամբ մարդկանց տեղաշարժերի մասին՝ մի ընտրատարածքից՝ մյուս ընտրատարածք: Մենք հիմա ուսումնասիրում ենք սա: Այն, որ իշխանությունները քաղաքական կամք չեն դրսևորելու, ակնհայտ է, որովհետև այստեղ մի շատ լուրջ խնդիր կա: Այն խնդիրը, որ այս մարդիկ երկար տարիների ընթացքում ձեռք բերված իրենց անօրինական ունեցվածքն ամեն ինչ պետք է անեն, որ պաշտպանեն: Սրա լավագույն ապացույցը նա է, որ, օրինակ, Սամվել Ալեքսանյանը, որն առաջադրվել է թիվ 3 ընտրատարածքում, հսկայական գումարներ է ծախսում իր շտաբների վրա: Եկեք պատկերացնենք, որ, եթե ԱԺ պատգամավորի աշխատավարձն ընդամենը 6 միլիոն դրամ է, և այս մարդը կարող է թույլ տա մի շտաբի վրա տասնյակ միլիոններ ծախսել, ինքներդ կարող եք եզրակացություն անել»,- նշեց Ա. Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմությունն այս պահին էլ կրկին բախվում է ֆինանսական խնդրին, բայց այն քաղաքական ուժերը, որոնք ներկայացված են իրենց «Ելք» դաշինքում, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիրը» և «Լուսավոր Հայաստանը», այս հարցի լուծման որոշակի մեխանիզմներ են գտնել հանգանակության, անհատներից գումարներ ներգրավելու միջոցով. «Մեր թեկնածուներն առանձին-առանձին նույնպես դրահամահավաքներ են իրենց ընտարտարածքներում անում»:
ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ, թեպետ ինքն ամեն դեպքում դեմ է կաշառք բաժանելուն, բայց դրանց մեխանիզմները կատարելագործվել են. «Բոլորս էլ գիտենք, որ, եթե առաջներում փող էին բաժանում, այժմ այդ նույն մարդիկ ասֆալտ են անում գյուղում, ուրիշ բաներ են անում, և տարվա ընթացքում սկսում են բարեգործություններ անել, ու հասարակությունը տրամադրված է լինում: Եթե մարդուն դժվար ժամանակ, լավ օրերին օգնում ես, բնականաբար, մարդը տրամադրվում է այդ մարդուն ձայն տալու»:
Ա. Հարությունյանի հարցին՝ այսինքն՝ կաշառքի մեխանիզմները կատարելագործե՞լ եք՝ Լ. Ալեքսանյանն այսպես արձագանքեց. «Մենք չենք կատարելագործել, մեխանիզմները կատարելագործվել են բնականոն, բոլորս ենք դա կատարելագործել, բոլորս էլ դրանից օգտվել ենք՝ մեկը հնարավորություն ունի շատ, մյուսը՝ քիչ: Եթե հնարավորություն ունենանք, դուք էլ գուցե ավելի շատ անեք: Կարծում եմ՝ ճիշտ չէ երկու ամիս առաջ խոսել այն մասին, որ ընտրություններն ազատ չեն լինելու, կաշառք է լինելու, և այլն: Իմ կարծիքով՝ այս ընտրությունները մի լայն քայլ առաջ են, քան նախկինը»: