Կհիմնանորոգվի Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը

Պետական բյուջեի հաշվին կհիմնանորոգվի Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցը:
Ապրիլին հայտարարվելու է մրցույթը, իսկ մինչ կապիտալ հիմնանորոգման համար անհրաժեշտ գումարի հատկացումն ու աշխատանքների մեկնարկը նախագծա-նախահաշվային փաթեթի կազմանն համար հատկացվել է 7 մլն 800 հազար դրամ գումար:

Այս մասին փետրվարի 23-ին լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝  վստահեցնելով, որ կան բոլոր երաշխիքները, որ այս անգամ արդեն շինարարական աշխատանքները վերջապես կյանքի կոչվեն:

Գյումրու թիվ 28 դպրոցի հետնամասում՝ նախկին թիվ 34 դպրոցի մարզադահլիճում, այս պահին ավելի քան 200 սան է մարզվում: 1994 թվականին հիմնված մարզադպրոցում երեխաների հոսքը շատ է, հատկապես` Արթուր Ալեքսանյանի հաջողություններից հետո, բայց ավելի շատ կլիներ, եթե ծնողներից ոմանց չսարսափեցնեին մարզադպրոցի պայմանները` խոնավությունից ծեփոններով պատված 2 սրահ՝ առանց հատակի, գույքի, օդափոխիչ համակարգի, հանդերձարանի, նորմալ սանհանգույցի ու բաղնիքի:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս