
Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի գլխավորած պատվիրակությանը

Փետրվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Ալիևը կարևորել է Թուրքիայի բարձր մակարդակով մասնակցությունը «Հարավային գազային միջանցք» խորհրդատվական խորհրդի երրորդ նիստին։ Նա շնորհակալություն է հայտնել Թուրքիային այն աջակցության համար, որը ցուցաբերվել է TANAP նախագծին։
Զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի բարեկամական կապերի մակարդակի առնչությամբ։
«Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդատվական խորհրդի երրորդ նիստն է այսօր մեկնարկում Բաքվում, որին մասնակցում են ԱՄՆ Պետդեպի, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները, Վրաստանի, Թուրքիայի, Ալբանիայի, Բուլղարիայի, Չեռնոգորիայի, Խորվաթիայի, Իտալիայի ու Հունաստանի նախարարները։