Ինչու առաջին քրիստոնեական երկրի՝ Հայաստանի, մասին միանգամից չենք հիշում. «fDi Magazine»
«Հայաստանը ձգտում է օգտագործել իր հնագույն ժառանգությունը, որը ներառում է եգիպտական բուրգերից էլ ավելի վաղ քաղաքակրթություն, ինչպես նաև գինեգործական հարուստ ավանդույթները՝ առաջ մղելու զբոսաշրջության ոլորտը». Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին գրել է «Financial Times» խմբի «fDi Magazine» պարբերականը: «fDi Magazine» -ի գլխավոր խմբագիր Քորթնի Ֆինգարը Հայաստանում հյուրընկալվել էր դեկտեմբերի 1-2-ը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի հրավերով:
«Երբ մտածում ենք հնագույն վայրեր այցելության մասին, առաջինը մտաբերում ենք Աթենքը, Հռոմն ու եգիպտական բուրգերը։ Իսկ աշխարհի առաջին քրիստոնեական երկրի մասին, որն ունի վաղնջական քաղաքներից մեկը, միանգամից չենք հիշում, ինչն էլ Հայաստանը ձգտում է փոխել»,- գրել է Քորթնի Ֆինգարը։
Հանրապետության հրապարակում տեղակայված կառավարական շենքի իր աշխատասենյակում վարչապետ Կարեն Կարապետյանը «fDi Magazine»-ի գլխավոր խմբագրին ներկայացրել է Հայաստանի պատմական հարստությունները։ «Մենք աշխարհի ամենահին այն քիչ ազգերից ենք, որ ունենք պետականություն։ Երևանը 50 տարով ավելի մեծ է, քան Հռոմը»,-նշել է վարչապետը և ավելացրել, որ մենք առաջինն ենք ընդունել Քրիստոնեությունն ու գրել սեփական այբուբենով։
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանն էլ նկատել է. «Հայաստանն ունի զբոսաշրջային մեծ ակտիվներ։ Մենք ունենք մաքուր, պահպանված բնություն և բազմազան ռելիեֆ, հիացմունք պատճառող մշակութային ու պատմական ժառանգություն, համեղ սնունդ, կոնյակ և գինի, ինչպես նաև բացառիկ հոգևոր տեսարժան վայրեր»։
Հոդվածագիրն անդրադարձել է նաև Հայաստանի գինեգործական հարուստ ավանդույթներին և հիշատակել փաստը, որ այստեղ՝ Արենիի քարանձավում է հայտնաբերվել աշխարհի հնագույն գինեգործական հնձանը։ Նա գրել է, որ, թեև Հայաստանը սկսել էր կատարելագործել կոնյակի արտադրության իր ունակությունները, բայց վերջին տարիներին գինեգործությունը կրկին վերածնունդ է ապրում։
Լուսանկարը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի պաշտոնական կայքի