«Շիկահող» պետական արգելոցում հանդիպել են 5 հատ եվրոպական այծյամ
ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկում շարունակվում են ուժեղացված ռեժիմով ստուգայցերն` ապօրինի ծառահատումների և որսագողության դեպքերը կանխարգելելու և բացահայտելու նպատակով:
Պարկի աշխատակիցների կողմից շուրջօրյա շրջայցերի ընթացքում հայտնաբերվել է 2 անտառխախտման դեպք /ապօրինի 8 ծառահատում/, կազմվել են անտառխախտման արձանագրություններ և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին` շրջակա միջավայրին հասցված վնասը հաշվարկելու և գործին համապատասխան ընթացք տալու համար:
Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, «Դիլիջան» ազգային պարկի տարածքների հսկողությունն ուժեղացնելու և հակահրդեհային միջոցառումներն առավել արդյունավետ կազմակերպելու համար պահպանության բաժնի աշխատակիցների կողմից կազմվել է հակահրդեհային ծրագիր, որը ներկայացվել է ՀՀ Տավուշի մարզպետարան` համաձայնեցման:
Համապատասխան նյութեր են տրամադրվել «Դիլիջան» քաղաքի և Տավուշի մարզային պարբերականներին` որսագողության, ապօրինի ծառահատումների, արածեցումների, ապօրինի շինությունների, հողազավթումների, հրդեհների դեմ պայքարի վերաբերյալ իրազեկում ապահովելու նպատակով:
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից մեկ շաբաթվա ընթացքում հարակից համայնքների բնակչությանը տրամադրվել է քամատապալ, հողմատապալ փայտանյութից առաջացած 30 խ.մ. վառելափայտ:
ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի պահպանվող տարածքներում իրականացվող հսկողական միջոցառումների արդյունքում շաբաթվա ընթացքում իրավախախտման դեպքեր չեն արձանագրվել։
Իրականացվել են ստուգայցեր «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» պետական արգելոցում, որոնց ընթացքում տարածքում հանդիպել են 5 հատ եվրոպական այծյամ, 4 հատ աղվես, 4 հատ աքիս, 3 հատ քարակզաքիս, 1 հատ եվրոպական անտառային կատու և 14 հատ շնագայլ։
Չվող թռչնատեսակներից վաղաժամ վերադարձ է նկատվել սովորական սարյակի մոտ:
ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում շարունակվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքները: