«Արցախ այցելած եվրոպացի գործիչների միջազգային հետախուզումը կարող է վատ նախադեպ լինել». քաղաքագետ

Արցախ այցելած եվրոպացի գործիչների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելը կարող է վատ նախադեպ լինել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն` անդրադառնալով Ադրբեջանի կողմից եվրոպացի գործիչների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու քայլին:

«Բնականաբար սա նորմալ երբեք չի կարելի համարել: Ակնհայտ է, որ Ադրբեջանը դարձել է իր սխալ քաղաքականության զոհը և հետևողականորեն շարունակում է  սխալը: Նրանք կամք չունեն, որ հետ կանգնեն և վերանայեն այդ քաղաքականությունը: Սա վտանգավոր նախադեպ է ստեղծում, և դա վերաբերում է ոչ միայն արցախա-ադրբեջանական հակամարտության, այլև միջազգային այլ հակամարտություններին»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը նկատեց, որ նման հակամարտություններ կան աշխարհի տարբեր հատվածներում, և եթե այդ հակամարտությունների կողմերը հետևեն Ադրբեջանի օրինակին, ապա դա կդառնա լուրջ հարց միջազգային քաղաքականության օրակարգում:

«Անհրաժեշտ է միջազգային հանրությանը ցույց տալ Ալիևի որոշումերի հնարավոր հետևանքները մնացած բոլոր երկրների համար: Պետք է այս ուղղությամբ աշխատել, հասնել նրան, որ Ադրբեջանի նման պահանջները որևէ կերպ չբավարարվեն:

Հետախուզում հայտարարվել է Եվրախորհրդարանի պատգամավորների նկատմամբ, կարծում եմ, որ այս հարցը կմտնի Եվրախորհրդարանի օրակարգ: Ավելի քան վստահ եմ, որ Ադրբեջանի հանդեպ քննադատական մոտեցում է լինելու: Նորից եմ ասում, այստեղ հարցը պետք է գլոբալ դնել, դուրս գալ զուտ ադրբեջանա-արցախյան կոնտեքստից»,-հավելեց քաղաքագետ:

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի` Լյուքսեմբուրգ, Էլենի Թեոխարիուսի` Կիպրոս, Յարոմիր Շտետինայի` Չեխիա, նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս