Բիզնես դասընթացները հասանելի են դառնում նաև մարզերում
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը շարունակում է ՓՄՁ ներկայացուցիչների համար նախատեսված անվճար բիզնես դասընթացների շարքը՝ դրանք հասանելի դարձնելով նաև հանրապետության մարզերում:
Հերթական բիզնես դասընթացները տեղի ունեցան ս.թ. փետրվարի 21-ին և 22-ին՝ էջմիածին քաղաքում և ներառեցին «Շրջանառու կապիտալի ավելացում», «Բիզնես ցիկլերի և ապրանքանյութական պաշարների կառավարում» թեմաները: Դասընթացներին մասնակցեցին Արմավիրի մարզի փոքր և միջին ձեռնարկությունների շուրջ 30 ներկայացուցիչներ:
«2013 թվականին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն առաջինն էր ՀՀ-ում, որ հանդես եկավ նմանատիպ նախաձեռնությամբ, իսկ 2015 թվականից դասընթացները հասանելի դարձան նաև բանկի հաճախորդ չհանդիսացող ձեռնարկությունների ղեկավարներին: Այժմ մենք այս նախաձեռնությունը տեղափոխում ենք մարզեր՝ կարևորելով համագործակցությունը Հայաստանի բոլոր համայնքների բիզնես ոլորտների ներկայացուցիչների հետ: Սա է սոցիալապես պատասխանատու բիզնեսը»,- ասաց բանկի Զարգացման վարչության պետ Արսեն Մելքոնյանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից մինչ օրս կազմակերպված 43 դասընթացներին մասնակցել են ավելի քան 500 ՓՄՁ ներկայացուցիչներ շուրջ 300 կազմակերպություններից: Դասընթացները վարում են բանկի միջին և ավագ օղակի ղեկավար աշխատակիցներ՝ ներկայացնելով արդյունավետ կառավարմանը և մարքեթինգին վերաբերող թեմաներ: Մասնակից կազմակերպությունների գործունեության ոլորտները ներառում են ծառայությունները, առևտուրը, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը: