«Ցավոք, ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերն ընդհատվեց Տիգրանի կյանքը…». Արցախում զոհված սպա Տիգրան Պողոսյանը կդառնար 25 տարեկան

Երեկ՝ փետրվարի 21-ին, Արցախում զոհված Տիգրան Պողոսյանի  ծննդյան օրն էր: Ապրիլյան ռազմական գործողություններին ակտիվ մասնակցություն ունեցած Տիգրանը, ով զոհվել է ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը, կդառնար 25 տարեկան: Տիգրանը վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ, բայց… հերոսի կյանքը փրկել չի հաջողվել: Ի դեպ, Տիգրանը վիրավորվել է, ամբողջ մարմնով ընկել է իր զինվորի վրա ու փրկել նրա կյանքը։

Տիգրանի ընտանիքն ապրում է Շիրակի մարզի Հոռոմ գյուղում. երեկ գյուղում նշում էին Տիգրանի ծննդյանը օրը… առաջին անգամ` առանց Տիգրանի: Միջոցառմանը մասնակցում էին հերոսի հարազատները, ընկերները, Արցախում զոհված Աշոտ Շահբազյանի, Արգիշտի Գաբոյանի, Խաչատուր Հարությունյանի, Արման Անդրեասյանի, Սիմոն Ճավրշյանի ծնողները, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպաներ և այլք:


Տիգրանը ծնվել է 1992թ. Շիրակի մարզի Հոռոմ գյուղում. դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որն ավարտելուց հետո ծառայության է անցել Մարտակերտի շրջանում:

Դպրոցում հիշում են` Տիգրանը հրաշալի մարդ էր, ազնիվ ընկեր, հայրենասեր քաղաքացի, կենսախինդ երիտասարդ, ով բազմաթիվ նպատակներ, երազանքներ ուներ. «Նա հայոց բանակի հայրենասեր սպա էր, մեր փառապանծ բանակի, որն այս տարի տոնեց իր կազմավորման 25-ամյակը: Տիգրանը նույնպես կդառնար 25 տարեկան: Սիրում էր անընդհատ կրկնել` բանակի հետ մեծանում եմ, երկուսս էլ նույն տարում ենք ծնվել: Ցավոք, 2016թ. ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերն ընդհատվեց նրա կյանքը: Քառօրյա պատերազմը հաղթահարված էր, իսկ Տիգրանն իր զինվորների կողքին էր միշտ ու ցանկացած հարցում: Ապրիլի 26-ին մարտական դիրքում հերթափոխ իրականացնելիս՝ թշնամու կողմից հրթիռակոծման հետևանքով զոհվում է Տիգրանը` նվիրված, բարի, ընկերասեր մարդ, ով կվնասեր իրեն, բայց կաներ լավն ուրիշների համար»:

Միջոցառմանը ներկա Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց զինծառայողների ծնողիներին նման երեխաներ լույս աշխարհ բերելու, դաստիարակելու համար. «Վստահ եմ, որ Տիգրանը մեզ վերևից տեսնում է: Այս ամենն ապացուցում է, որ իրենք զուր չեն գնացել»:

Ղարաբաղի պատերազմի վետերանների միության կողմից Տիգրան Պողոսյանը հետմահու պարգևատրվեց Հայրենիքի պաշտպանության համար մեդալով: Նշենք, որ միջոցառման ավարտին Տիգրանի մայրը` տիկին Սիլվան, հյուրերը եղան նաև գյուղի մանկապարտեզում, ուր երեխաները կտրեցին տորթն ու շնորհավորեցին Տիգրանի ծննդյան տարեդարձը:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս