Ինչ կարգախոսներով են քաղաքական ուժերը մասնակցելու ընտրություններին

Հայաստանում Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որոնցից 5-ը կուսակցություններ են, 4-ը՝ կուսակցությունների դաշինքներ:

Փետրվարի 16-ին ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր են ներկայացրել «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, ինչպես նաև «Ելք», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Ծառուկյան» ՀԱԿ-ՀԺԿ դաշինքները:

«Արմենպրես»-ը ներկայացնում է առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների  համամասնական ցուցակներում ընդգրկված անձանց թիվը և կարգախոսները, որոնցով մասնակցելու են ընտրություններին:

Իշխող «Հանրապետական» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 197 անձ: Ցուցակը գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, այնուհետև հաջորդաբար Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արա Բաբլոյանը, Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Ավագյանը, Գալուստ Սահակյանը, Հերմինե Նաղդալյանը և այլն: ՀՀԿ նախընտրական շտաբը կհամակարգի կուսակցության գործադիր մարմինը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:  ՀՀԿ-ի կարգախոսը դեռևս չի հրապարակվել: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ կուսակցության կարգախոսն արդեն որոշված է և անհրաժեշտ պահին այն կներկայացվի հանրությանը:  Այնուամենայնիվ, կուսակցությունը հայտարարել է, որ նախընտրական ծրագրում առաջնահերթությունը տրվելու է ՀՀ անվտանգության մակարդակից բարձրացմանը, տնտեսության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:

Կարդացեք նաև

ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված է 170 անձ, որից 45-ն անկուսակցական են: Կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, նախընտրական շտաբը կղեկավարի խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: ՀՅԴ համամասնական ցուցակի տասնյակում են հաջորդաբար Աղվան Վարդանյանը, Դավիթ Լոքյանը, Արմենուհի Կյուրեղյանը,  Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզաննա Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը, Միքայել Մանուկյանը: ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով: ՀՅԴ-ում առաջիկա ընտրությունները նոր սկիզբ են համարում արդար Հայաստան կառուցելու համար:

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը առայժմ հրապարակել է միայն համամասնական ցուցակի առաջին 5 թեկնածուների անունները: Ցուցակը գլխավորում է Տաճատ Սարգսյանը, այնուհետև հաջորդաբար՝ Վազգեն Սաֆարյանը, Գագիկ Մանուկյանը, Մառա Շահինյանը, Համլետ Դանիելյանը: Կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 170 անձ: Կուսակցությունն առաջիկա ընտրություններում հանդես կգա  «Եթե հաղթի կուսակցությունը, կհաղթի ժողովուրդը. հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսով:

«Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 300 անձ, որոնցից 164-ն ընդգրկված են նաև կուսակցության ռեյտինգային ցուցակներում: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրապարակել է կուսակցության առաջին 7 թեկնածուների անունները: Ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, այնուհետև հաջորդաբար՝ Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Էդգար Առաքելյանը, Մարինե Քոչարյանը, Արթուր Միսակյանը: «Հայկական վերածնունդ»-ն առաջիկա ընտրություններին կմասնակցի «Քվեա րկիր հանուն վերածննդի» կարգախոսով:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 101 անձ: Համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, այնուհետև հաջորդաբար Հրանտ Բագրատյանը, ով նաև կուսակցության վարչապետի թեկնածուն է, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Մասիս Այվազյանը, Անժելա Խաչատրյանը, Արմեն Առաքելյանը, Սոնա Մինասյանը, Նարեկ Այվազյանը, Գագիկ Բաղդասարյանը: Կուսակցությունն ընտրություններին կմասնակցի «Մենք կարող ենք» կարգախոսով:

«Ելք» դաշինքը, որի կազմում ներառված են «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները համամասնական ցուցակում ընդգրկել է 120 անձի, որից 112-ը կառաջադրվեն նաև ռեյտինգային ցուցակներով: Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, երկրորդը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է, երրորդը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Ցուցակի առաջին տասն յակում են նաև Մանե Թանդիլյանը, Սասուն Միքայելյանը, Արտակ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Հայկ Կոնջոլյանը,  Արայիկ Հարությունյանը: Դաշինքն ընտրություններին կմասնակցի «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսով:

«Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը, գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, այնուհետև հաջորդաբար Իշխան Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Միքայել Մելքումյանը, Արարատ Զուրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Իվետա Տոնոյանը, Արգամ Աբրահամյանը, Վարդևան Գևորգյանը: Դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված է 187 անձ, որոնցից շուրջ 140-ը կառաջադրվեն նաև ռեյտինգային ցուցակներով: Դաշինքում ներգրավված են «Բարգավաճ Հայաստան», «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցություննե րը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ դաշինքը հանդես կգա «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է» կարգախոսով:

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված է 141 անձ, որից 131-ը կառաջադրվեն նաև տարածքային ցուցակներով: Դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, այնուհետև հաջորդաբար՝ Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Զուրաբյանը,  Զոյա Թադևոսյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վահագն Խաչատրյանը, Լիդա Մելիքյանը,  Դավիթ Մաթևոսյանը, Ստեփան Մինասյանը և այլն: Դաշինքն առաջիկա ընտրություններին կմասնակցի «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով: Դաշինքում ընդգրկված են «Հայ ազգային կ ոնգրես» և «Հայաստանի ժողովրդական» կուսակցությունները:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում ընդգրկված են «Ժառանգություն» և «Համախմբում» կուսակցությունները, նրանց է միացել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով նաև  դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարն է: Ցուցակում Սեյրան Օհանյանի հաջորդում են Արմեն Մարտիրոսյանը, Վարդան Օսկանյանը, Էլինար  Վարդանյանը, Վահագն  Հովհաննիսյանը,  Անդրանիկ Թևանյանը, Ստեփան Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը, Գեղամ Նազարյանը, Գառնիկ  Սահակյանը, Րաֆֆի  Հովհաննիսյանը և այլն: Դաշինքի նախընտրական ցուցակում ներառվ ած է 148 անձ: «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանն  «Արմենպրես»-ին հայտնեց, որ դաշինքն առաջիկա ընտրություններին կմասնակցի «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» կարգախոսով:

 

Տեսանյութեր

Լրահոս