Բաժիններ՝

2016թ. շինարարության ոլորտին տրամադրվել է 60 մլրդ դրամի միջազգային վարկ

2016 թվականին Հայաստանում միջազգային վարկային միջոցներով իրականացվել է շուրջ 60 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 30 տոկոսով:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում մեր երկրի շինարարության ոլորտի առավել խոշոր միջազգային վարկատուները եղել են Ասիական Զարգացման Բանկն ու Համաշխարհային բանկը:

2016 թվականի ընթացքում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության ընդհանուր ծավալից 24.4 մլրդ ՀՀ դրամը բաժին է ընկել Ասիական Զարգացման Բանկին, 21.8 մլրդ ՀՀ դրամը՝ Համաշխարհային Բանկին: Հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, Ասիական Զարգացման Բանկը Հայաստանի շինարարության ոլորտ ուղղվող վարկային միջոցներն ավելացրել է 38%-ով, իսկ Համաշխարհային Բանկը՝ 31%-ով:

Շինարարության ոլորտի վարկավորման առավել ցածր մասնաբաժին են ապահովել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Գերմանիայի Զարգացման Բանկը:

Հարկ է նաև նշել, որ 2016 թվականին միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության մասնաբաժինը մեր երկրի շինարարության համախառն ծավալում կազմել է 15%:

2015 թվականին մեր երկրում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացվել էր 47,5 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել էր 20%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս