«Ես վստահ եմ, որ կաթողիկոսը կկատաղի, և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին բերման կենթարկեն». Սարգիս Հացպանյան
Տարածաշրջանային հարցերի փորձագետ, հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում մանրամասներ ներկայացրեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ առաջիկայում կայանալիք հանդիպման մասին, որին նախատեսվում է Պոլսո պատրիարքի թեկնածուների՝ Արամ Աթեշյանի և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի մանակցությունը:
Արդեն 8 տարի Արամ Աթեշյանը Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ է։ Ստամբուլի հայ համայնքը խիստ դժգոհ է Պատրիարքի փոխանորդ Աթեշյանից և պահանջում է նոր Պատրիարքի ընտրություն անցկացնել։ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության շուրջ ձևավորված թնջուկի, թեկնածուների, Վեհափառի հետ սպասվող հանդիպման, ինչպես նաև, ըստ բանախոսի՝ Պոլսո պատրիարքարանում բոլորովին վերջերս գումարված գաղտնի ժողովի մասին հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանն ունի իր ուրույն տեսակետները:
«Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովի հոգևոր խորհրդի նախագահ հանդիսացող Սահակ եպիսկոպոս Մաշալյանն անցյալ շաբաթ՝ փետրվարի 13-ին, հենց կրոնական ժողովի ընթացքում հրաժարական տվեց: Իր հրաժարականին հետևեց նաև ողջ համայնքին ուղղված նրա բաց նամակը, որտեղ վերջինս չափից դուրս բաց տեքստով մեղադրում էր Արամ Աթեշյանին՝ Պոլսո համայնքի ներսում այսօրինակ անբացատրելի իրավիճակ ստեղծելու և համայնքում մինչ օրս պատրիարքի պատշաճ ընտրություններին անցկացմանը խոչընդոտելու մեղադրանքով, ինչպես նաև մեղադրելով նրան մանիպուլյացիաների, խարդավանքների և խաբեությունների մեջ:
Այս բաց նամակն անսպասելի էր ոչ միայն ողջ հայ համայնքի համար, որ իրար խառնեց բոլորի պլանները, այլ նույնիսկ հենց Արամ Աթեշյանի համար, ով զարմացած էր մնացել, թե ինչպես այդ սուս ու փուս, լռակյաց, առօրյա հոգևորական ծառայությամբ զբաղվող համեստ մարդը նման պոռթկում ունեցավ: Բոլոր փակագծերը սկսեցին բացվել միայն փետրվարի 13-ից հետո, երբ Պոլսո պատրիարքարանում, դրանից անմիջապես հետո գաղտնի ժողով գումարվեց՝ Պոլսի վարչական տարբեր հայկական կազմակերպությունների նախագահների կամ վարչության անդամների մասնակցությամբ, ինչպես նաև Արամ Աթեշյանի և Սահակ Մաշալյանի անմիջական ներկայությամբ:
Վերջինս, առանց իմանալու, թե ի՞նչ է այդտեղ տեղի ունենալու, մասնակցում է հրավիրված գաղտնի ժողովին, որտեղ 5 կետից բաղկացած մի համաձայնագիր է ստորագրվում, որում նշված է առանց հետաձգման Պոլսո պատրիարքարանի անհապաղ ընտրությունների անհրաժեշտության մասին, որ տեղի է ունենալու, ենթադրաբար, առաջիկա մայիսի 28-ին: Ստորագրված համաձայնագրում, սակայն, կա մի կետ, որ նեղացրել է Ամենայն Հայոց կաթողիկոսին, և նա անհապաղ այստեղ է հրավիրել Արամ Աթեշյանին և Սահակ Մաշալյանին:
Այսօր նրանք արդեն Մայր Աթոռում պետք է լինեին: Որքանով ես եմ տեղյակ՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն արդեն ժամանել է, և կարող է պատահի՝ հենց հիմա՝ այս րոպեին, կաթողիկոսի մոտ է, բայց Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը չի եկել: Նրա բացակայությունը, մեղմ ասած, շատ տարօրինակ է, և սա երկու բան կարող է նշանակել՝ կամ նա թքած ունի կաթողիկոսի հրավերի վրա և մերժում է այդ հրավերը, որը ես անձամբ բացառում եմ, որովհետև Արամ Աթեշյանն այնքան վախկոտ մարդ է, նա Վեհափառի շուքից կվախենա, էլ ուր մնաց՝ այդ հրավերին չպատասխանի կամ արհամարհի: Երկրորդ պատճառը՝ եթե ինքն այսօր չի եկել Հայաստան, մարդ, ում ոտքերի տակ է թաղված շան գլուխը, և ով խնդիրներ է առաջացնում Պոլսո հայ համայնքի մեջ, այնուամենայնիվ, նրա բացակայությամբ հարցը չի կարող գտնել իր լուծումը: Ուստի, ես վստահ եմ, որ կաթողիկոսը կկատաղի, և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին բերման կենթարկեն: Այսպիսիով նա անպայման կգա՝ վաղը կգա, այսօր կգա, կամ չգիտեմ որտեղից կգա, բայց կգա: Սա իմ ենթադրությունն է, բայց խնդրում եմ, դուք ինքներդ ստուգեք, թե ինչո՞ւ Արամ Աթեշյանն այսօրվա ժողովին ներկա չէ»,- ասաց Սարգիս Հացպանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: