«Զարուհի Փոստանջյանը շատ հանգիստ կարող էր հավակնել մեր դաշինքի ցուցակի առաջին համարը լինել». Արմեն Մարտիրոսյան

«Հույս ունեմ, որ այն լայնամասշտաբ հարձակումը, որ տեղի ունեցավ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի վրա, կանգ կառնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Անդրադառանալով իրենց կուսակից ընկեր, պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ կուսակցությունը լքելու որոշմանը՝ Ա. Մարտիրոսյանն ասաց, որ իրենք խորին հարգանքով են վերաբերվում Զ. Փոստանջյանի այդ քայլին, նրա հետ բավականին երկար ճանապարհ են անցել, իրենց կյանքի լավագույն 10 տարիներն են իրար հետ անցել: Նրա խոսքով՝ իրենք ծափողջույներով չեն ընդունել նրա այդ քայլը:

«Համամիտ չեմ նրա հետ, որ մենք մեր սկզբունքներից հեռացել ենք: Այն անձինք, ովքեր հիմնադրել են «Ժառանգություն» կուսակցությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, մնում են մեր շարքերում: Մենք միայն բարին կարող ենք մաղթել Զարուհի Փոստանջյանին, եթե նա դա է նպատակահարմար գտել, որևէ քննադատելու, մեկնաբանելու բան չեմ գտնում: Քաղաքական կյանքը փոփոխական է, կյանք է, հնարավոր է՝ մեր ճանապարհներն էլի խաչաձևվեն, քանի որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ կան քաղբանտարկյալներ, ու քաղաքական պայքարը բերում է նրան, որ նույնիսկ անհավանական միավորումներ են հնարավոր դառնում»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:

Նա հույս հայտնեց, որ իրեն բախտ չի վիճակվի էդուարդ Շարմազանովի, Հովհաննես Սահակյանի հետ բարիկադի մի կողմում լինել. «Հուսով եմ՝ իրենք կլինեն ընդդիմություն, ես՝ իշխանություն, կարծում եմ՝ լավ ընդդիմություն կարող են լինել, եթե կարողանամ իմ նախատեսած բարեփոխումներն իրականացնել, շատ երկար հետագիծ չեմ ունենա»:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ իրենց կազմած դաշինքում ոչ մի զարմանալի բան չկա. «Դուք նոր օրակարգին ծանոթ եք, որտեղ արտացոլված են «Ժառանգության» իշխանափոխության մանիֆեստի դրույթները, այնպես որ՝ մենք չենք շեղվել մեր ուղուց»:

Դիտարկմանը, թե՝  Զարուհի Փոստանջյանին նույնացնում են «Ժառանգության» հետ, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ «Ժառանգությունն» այն կուսակցականն է, որ այս տարիներին լուռումունջ է եղել, ու որոնց շնորհիվ կան բոլորին հայտնի դեմքեր. «Մինչև 2007 թիվը ոչ մեկդ ինձ չէիք ճանաչում, որովհետև չէի երևում, պատգամավոր չէի, երբ ես պատգամավոր էի դարձել, շատերը հարցնում էին Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ո՞վ է Արմեն Մարտիրոսյանը, այսինքն՝ թիմը վստահեց ինձ, շարքային լուռումունջ կուսակցականն է հիմքը կուսակցության»: Ա. Մարտիրոսյանը համաձայն չէ, որ «Ժառանգությունն» անժառանգ է մնացել:

Ա. Մարտիրոսյանը նաև նշեց, որ Զարուհի Փոստանջյանը շատ հանգիստ կարող էր հավակնել իրենց դաշինքի ցուցակի առաջին համարը լինել, բայց նա ի սկզբանե բացառել է ամեն ինչ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս