«Բոլոր խնդիրներով հանդերձ, մենք գտնում ենք, որ ՀԱՊԿ-ում մեր ներկայությունը արդարացված է»

Արցախի հանրաքվեին միջազգային բազմաթիվ դիտորդների առկայությունը վկայում է, որ Ադրբեջանի սև ցուցակները ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ: Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։

«Դա ապացուցում է, որ Ադրբեջանի ղեկավարների և նրա դաշնակիցների, որոնք նաև մեզ հետ են իբրև թե դաշնակից տարբեր կառույցներում, գործողությունները հօդս են ցնդում: Ինչքան սև ցուցակներ են ավելացնում, այնքան մարդկանց և ազատ քաղաքացիների ձգտումը՝ այցելել ազատ և անկախ Արցախ, ավելանալու է, և այսօրվա հանրաքվեն դրա վառ ապացույցն է»,- ասաց Շարմազանովը։

Հարցին թե կա՞ արդյոք որոշակի սառեցում Բելառուսի ու Հայաստանի հարաբերություններում այդ երկրի կողմից Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելուց հետո, Շարմազանովը պատասխանեց, որ Բելառուսի դիրքորոշման վերաբերյալ հայտարարություններ եղել են նաև ավելի վաղ։

«Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ խոսել է այդ մասին։ ՀԱՊԿ գագաթնաժողովին էլ նախագահի մակարդակով հայտարարվել է, որ ՀԱՊԿ-ում կան դաշնակիցներ, որոնք իրենց դաշնակցի նման չեն պահում։ Ես մշտապես խոսել եմ՝ Բելառուսի և այլ երկրների ԱԺ նախագահների ներկայությամբ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։ Նա շեշտեց, որ Բելառուսի նման դիրքորոշումը ոչ միայն դեմ է Հայաստանի, այլև՝ ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը։

«Բայց բոլոր խնդիրներով հանդերձ, մենք գտնում ենք, որ ՀԱՊԿ-ում մեր ներկայությունը արդարացված է։ Այո, կան խնդիրներ բայց պետք է խորացնենք, մեր մասնակցությունը։ ՀԱՊԿ միակ կառույցը չէ, որտեղ անդամների միջև կան տարաձայնություններ»,- ասաց Շարմազանովը։

Տեսանյութեր

Լրահոս