Ռուզաննա Խաչատրյանը պատրա՞ստ է քաղբանտարկյալի կին դառնալ. «ՀԺ»

Երեկ պաշտպանության նախարարությունում Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ. ելույթ է ունեցել, ապա նրանց հարցերին պատասխանել: Բարձրաստիճան զինվորականներին ներկայացրել է կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու դրդապատճառները, խոսել է ընտրությունների ընթացքում Ադրբեջանի հնարավոր ակտիվացման, առաջնագծում սադրանքների գնալու հեռանկարի մասին, խոսել է Իրանից, Ռուսաստանից, ՆԱՏՕ‐ից, ՀԱՊԿ‐ից եւ նույնիսկ՝ Կորեայի թերակղզուց:

Բայց այս հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը մեկ կարեւոր մեսիջ է ունեցել զինվորականներին փոխանցելու, եւ դա արել է հնարավոր ամենադիվագիտական ճանապարհով: Նա բանակի ղեկավար կազմին զգուշացրել է, որ անթույլատրելի է Զինված ուժերի ներգրավումն ընտրական գործընթացներում:

Սարգսյանը դա ձեւակերպել է «միջկուսակցական քննարկում», թեեւ հասկանալի է, որ զգուշացումը վերաբերում է շատ ավելի խորքային եւ վտանգավոր միջամտությանը:

«Հատուկ շեշտում եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապակուսակցական են եւ ապաքաղաքական…Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու եւ մենք էլ չենք մտցնելու: Ավելին, զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են»,‐ ասել է նա: Հայաստանում բանակը միշտ է ներգրավվել ընտրական գործընթացներում, նույնիսկ հասել է Երեւանի կենտրոն եւ ուղիղ կրակ բացել ընտրությունների արդյունքները վիճարկող անզեն քաղաքացիների վրա: Զինվորների ձայները մշտապես համարվել են իշխող քաղաքական ուժինը: Եթե նախորդ ընտրություններից առաջ բարձր մակարդակներով ասել են, որ բանակն ապաքաղաքական է, դա ընկալվել է որպես ձեւական անհրաժեշտություն: Այս անգամ, սակայն իրավիճակը մի փոքր այլ է:

ԶՈՒ ղեկավար կազմին զգուշացնելով, թե պատժվելու են բանակն ընտրություններում օգտագործելու փորձ անողները, Սարգսյանն առաջին հերթին նկատի ունի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Վերջինս այս ընտրություններին մասնակցում է որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ:

Ճիշտ է, դա ծիծաղելի է հնչում, բայց թերեւս ոչ Սեյրան Օհանյանի նախկին ենթակաների համար: Օհանյանը շուրջ 8 տարի ղեկավարել է պաշտպանական գերատեսչությունը եւ այնտեղից հեռացել է ընդամենը մի քանի ամիս առաջ: Սա նշանակում է, որ դեռեւս թարմ է նրա ազդեցությունը ԶՈՒ որոշակի շերտի վրա, ինչն էլ նա կարող է փորձել օգտագործել ընտրական կամ հետընտրական փուլում:

Օհանյանը չի էլ թաքցնում, որ նման մտադրություններ ունի: Այս ընթացքում ֆեյսբուքյան էջով տարբեր առիթներով արած տեսուղերձներում, նա այսպիսի հետեւյալ մտքերն է արտահայտել. «Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են… Մեր երբեմնի ավանդական մարտական ոգին, համահայկական համերաշխությունն ու միասնությունը վերականգնելու եւ ազգային‐գաղափարական զարթոնքի համար՝ 1988 թվականի մտավորական‐ կամավորական շարժումն այսօր մտավորականների հետ պարտավոր է նորից շարունակել մեր բանակի սպան»:

Սա ուղղակի կոչ է զինվորականներին հանուն արդարության պայքարի դուրս եկած իրենց նախկին ղեկավարին սատարելու համար:

Հունվարի 28‐ին ԼՂՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյան «Եռաբլուրում» լրագրողի հետ զրույցում ասաց. «Ներքաղաքական լարվածություն ընդհանրապես չպետք է լինի, կոչ կանեմ բոլոր նրանց, վերաբերվում է ցանկացած երեկվա պետական պաշտոնյայի, նրանք, ովքեր գնում են ընտրության, հանգիստ, համեստ գնան ընտրությունների, ընդհանրապես որեւէ ինտրիգներ չստեղծեն: Նրանք, ովքեր ներքաղաքական լարվածություն կստեղծեն, ես անձամբ պատրաստ եմ նրանց ﴾մի քանի վայրկյան դադարից հետո‐հեղ.﴿… դեմ պայքարելու: Ովքեր, որ աշխատավարձով են ապրում իմ նման, նրանք կարող են կարծիք արտահայտել, թող մի հատ հետադարձ հայացք ձգեն եւ տեսնեն, թե էդ մարդիկ, երբ որ պաշտոն են զբաղեցրել, ովքեր են եղել, ինչով են ապրել, նրանց կերակրտաշատը որն է եղել, եւ թող ժողովրդից ներողություն խնդրեն րոպե առաջ»:

Օհանյանի վրա, սակայն այս խոսքերը որեւէ ազդեցություն չթողեցին, նա մինչեւ հիմա նույն ոճով առաջ է շարժվում: Երկու օր առաջ, փետրվարի 17‐ի ասուլիսի ժամանակ նա սպառնաց հակահարված հասցնել իր դեմ արշավ սկսած անհատներին եւ քաղաքական ուժերին: Հաջորդ օրվա մամուլում լուր հրապարակվեց, որ ՀՀ եւ ԼՂՀ զինվորական դատախազություններն ուսումնասիրում են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Օհանյանի գործունեությունը բենզինի, սննդի, սպառազինության միլիոնավոր դոլարների հասնող յուրացումների համատեքստում:

«Շատ մեծ քրեական գործ է բացվելու առաջիկայում եւ բանը հասնելու է ձերբակալությունների ու կալանավորումների։ Այս ամենի առանցքում լինելու է հենց Սեյրան Օհանյանը»,‐ գրվեց փետրվարի 18‐ի մամուլում:

Սեյրան Օհանյանը մեկ անգամ բանակը ներքաշել է ընտրական պրոցեսների մեջ, այն ժամանակ իշխանության կողմից ընդդիմության դեմ, Հայաստանի 10 անմեղ քաղաքացի է զոհվել, եւ ոչ ոք նրան չի պատժել: Եւ եթե հիմա նա նույն բանը փորձի անել հակառակ դիրքերից, բայց նրան պատժեն, դա կլինի դասական քաղաքական հետապնդում:

Հ.Գ. Նախկին նախարարի հանրահայտ տիկինը, որը շատ է սիրում լուսանկարվել, ամուսնու ազատության համար կարող է արդյունավետորեն պայքարել Նուբարաշենի կլոր շենքի, կամ հեռախոսակապով տեսակցությունների սրահի կեղտոտ ապակիների ֆոնին լուսանկարվելով: Եթե նա նաեւ օգտագործի իր սիրելի ատրիբուտները՝ շքեղ զգեստ, ծաղիկներ, գլոբուս, աղավնի, շատ դրամատիկ կոնտրաստ կառաջանա: Կարծում ենք, սակայն այս ամենը տեղի չի ունենա, որովհետեւ Ռուզաննա Խաչատրյանն իրեն ամենատարբեր կարգավիճակներում պատկերացնում է, ընդհուպ մինչեւ առաջին տիկին, բայց քաղբանտարկյալի կնոջ կարգավիճակում, չի պատկերացնում: Չի բացառվում, որ Սեյրան Օհանյանի ընդդիմադիր գործունեությունը պարզապես ավարտվի, երբ նրա տիկինը հասկանա, որ մի օր իր եւ իր ամուսնուն կարող են բաժանել «Նուբարաշեն» ՔԿՀ‐ի հեռախոսակապով տեսակցությունների սրահի կեղտոտ ապակիները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս