Բաժիններ՝

Միջոցառումներ՝ բիզնես ասոցիացիաների համար

East Invest2 ծրագրի շրջանակներում իրականացնում են միջոցառումներ բիզնես ասոցիացիաների համար։  Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի գործադիր տնօրեն Սիլվա Մեսրոպյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ միջոցառումները նպատակ ունեն զարգացնել բիզնես ասոցիացիաների աշխատանքը, որոնք իրենց աշխատանքի արդյունավետության միջոցով նպաստում են Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը։

Սիլվա Մեսրոպյանն ասաց, որ միջոցառումների շարքում այսօր ֆորում է տեղի ունեցել, որի ընթացքում տարբեր կազմակերպություններ ներկայացրել են ներդրումային հնարավորությունները Հայաստանում և բիզնեսի զարգացման հնարավորությունները։ «Վաղը կունենանք եռօրյա դասընթաց, որը կվարվի հայաստանյան և արտասահմանյան փորձագետների կողմից։ Դասընթացի թեման է՝ բանակցություններ և մեդիացիա»,- ասաց Սիլվա Մեսրոպյանը՝ նշելով, որ Հայաստանում արդեն իսկ կազմակերպվել է նման 4 միջոցառում։

Նա նշեց, որ մի շարք ոլորտներում կան կազմակերպություններ, որոնք միանման խնդիրներ ունեն. «Երբ նրանք առանձին են ներկայանում այս խնդիրների լուծմանը, շատ դժվար է դա կազմակերպել, մանավանդ, եթե խնդիրը պետք է լուծվի պետական միջամտությամբ։ Այս նպատակով շատ ավելի ճիշտ է համախմբվելը, ասոցիացիաներ դառնալը, բայց այս դեպքում ոչ միայն ասոցիացիաներն են կարողանում համանման խնդիրներ միավորել, նաև նման ասոցիացիաներն են միանման խնդիրներ ունենում և միավորվելով՝ կարողանում են ավելի արդյունավետ գործել»։

East unvesr2 նախագծի կառավարման թիմում UEAPME ներկայացուցիչներից Քրիստիան Գեսսլն ասաց, որ, եթե խոսում ենք Հայաստանի, Խորհրդային Միության մյուս երկրների մասին, մարդիկ չեն ցանկանում ասոցիացիաների մեջ մտնել, քանի որ նրանց մեծ մասը կնշի, որ Խորհրդային Միության տարիներին եղել են ասոցիացիաների անդամներ, որոնք իրենց այնքան էլ չեն օգնել, բայց ասոցիացիաների աշխատանքը շատ կարևոր է, այն օգնում է փոքր և միջին ընկերություններին։

«Ֆինլեքս» ֆինանսաիրավական խորհրդատվական ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արտակ Զոփունյանն ասաց, որ այս ամենի համատեքստում կարևորվում է խորհրդատուի դերը. «IMC-Armenia-ն սկսել է այդ պրոցեսը՝ մի տանիքի տակ համախմբելով շատ պրոֆեսիոնալ խորհրդատուների։ Վերջերս փոփոխություն տեղի ունեցավ նաև «Հասարակական կազմակերպությունների» մասին օրենքում, ինչը հնարավորություն կտա խմբում ներգրավել ոչ միայն անհատ խորհրդատուների, այլև պրոֆեսիոնալ տարբեր ծառայություններ մատուցող ընկերությունների։ Պետք է ամեն ինչ անենք, որ բիզնեսը բաց լինի նոր գիտելիքի, նոր փորձի համար։ Այդ առումով շատ անելիքներ ունենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս