«Իսկ ինչո՞ւ, օրինակ, չեք խոսում այն մարդու մասին, որը ստիպում էր, որ ասենք՝ «այլընտրանք» է». Վարդան Բոստանջյանը բարկացավ
«Մեր քաղաքական ուժի առաջնորդին իր գործերով հանրապետությունում ճանաչում են, լայն ճակատով գործունեություն է ծավալել, մեծ բարեգործություններ արել, իսկ քաղաքական առումով էլ ընդլայնված խումբ ենք, որը կարող է առավելություններ ենթադրել»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ-ական տնտեսագետ, «Ծառուկյան» դաշինքի անդամ Վարդան Բոստանջյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ տեղի չունեցավ այն լայն կոնսոլիդացիան, որի մասին խոսում էր Գագիկ Ծառուկյանը: Ի պ,ատասխան՝ նա ասաց. «Ուզում եք ինտրիգ ստեղծել և զավեշտալի իրավիճակի մեջ եք հայտնվում: Գագիկ Ծառուկյանն ասեց` լայն կոնսոլիդացիա, հիմա որ չեն հավաքվում, փոփոխության համար հումք չկա, ո՞նց անես դա, արհեստակա՞ն կոնսոլիդացիա անենք: Ավանդական ուժերի մոտ, պարզվում է՝ դրսից, ներսից գզվռտոց է, դուք կուզե՞ք նման մարդկանց ձեր տան մեջ թողնեք: Էլ ի՞նչ կոնսոլիդացիայի մասին եք խոսում»:
Հարցին էլ, թե՝ ինչպե՞ս էիք կարողանալու համախմբում իրականացնել, եթե մի անգամ տեսել ենք «վախեցած» Գագիկ Ծառուկյանին, Վ. Բոստանջյանն այսպես արձագանքեց. «Ես ուզում եմ հնարավորինս ավելի մեղմ բառեր օգտագործեմ: «Վախեցած» բառը սազակա՞ն է, որ դուք արտաբերում եք: Դուք պարզապես ուզում եք ձեզ «вольный», ազատ զգաք, ու բարձրաձայնում եք դա: Մարտի 1-ին մենք ունեցանք 10 զոհեր, որը երբեք չի մոռացվի: Դուք ասում եք՝ թող այդ օրը Մարտի 1-ից ավելի ուժեղ պայթյուն տեղի ունենար: Դա արկածախնդրություն կլիներ»:
Նա հավաստիացրեց, որ իրենց դաշինքում գզվռտոցներ չի տեսել: Հարցին էլ, թե՝ ինչո՞ւ եք համոզված, որ մյուս քաղաքական ուժերի մոտ եղել է նման բան, Վ. Բոստանջյանը պատասխանեց, որ ինքն ընդամենը ենթադրում է, որովհետև մամուլում է գրվել:
Հարցին, թե՝ Դուք ընդդիմությո՞ւն եք, նա պատասխանեց, որ այն ուժերը, որոնք իշխանություն չեն ու դեռևս կոալիցիա չեն կազմել, համարվում են ընդդիմություն: Դիտարկումը, թե կա նաև «այլընտրանք» տերմինը, զայրացրեց Վ. Բոստանջյանին. «Երբևիցե դուք չսպասեք, որ Հայաստանը հաջողության հասնի, որովհետև ոչ թե դուք, այլ մենք բոլորս իրար հետ այսպիսին ենք, մեր հիմնական հարցերը թողած՝ ման ենք գալիս բառեր, բառակապակցություններ: Իսկ ինչո՞ւ, օրինակ, չեք խոսում այն մարդու մասին, որը ստիպում էր, որ ասենք՝ «այլընտրանք» է, դրա մասին խոսեք»: Նա չցանկացավ մանրամասնել, թե ով է ստիպել ասել «այլընտրանք»:
Վ. Բոստանջյանը զայրացավ նաև այն հարցից, թե իշխանության գալու դեպքում մտադի՞ր են քննել Մարտի 1-ի գործը և Սերժ Սարգսյանին մեղադրյալի կարգավիճակում դնել. «Դուք կանխավ ինչո՞ւ եք անձնավորում, անուն տալիս: Պատրաստ ենք քննել, Մարտի 1-ի գործը հնարավոր չէ կանգնեցնել, պետք է քննվեն ու բացահայտվեն շարժառիթները, մեղավորները: Մենք իրավունք չունենք պատրաստ չլինելու այդ հարցն օրակարգում պահելու համար»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: