«Իմ տեսակը կզարդարեր ցանկացած ռեյտինգային ցուցակ». «Ծառուկյան» դաշինքի ցուցակում Խաչիկ Մանուկյանի փոխարեն պետք է այլ թեկնածու լիներ

Ինչպես հայտնի է, Արագածոտնի մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը հեռացել է ՀՀԿ-ից և «Ծառուկյան» դաշինքի Արագածոտնի մարզի տարածքային ցուցակով մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին։ Երբ հրապարակվեց ԲՀԿ ցուցակը, Խ. Մանուկյանը tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ ինքը որոշել է միանալ «Ծառուկյան» դաշինքին, քանի որ ուզում է Արագածոտնի մարզից ռեյտինգային ընտրակարգով մասնակցել ընտրություններին, իսկ ՀՀԿ-ում ալյևս «տեղ չկար, շատ էին», և այդ իսկ պատճառով է այս դաշինքի ցուցակով մասնակցում:

168.am-ը տեղեկություններ ուներ, որ Խաչիկ Մանուկյանի փոխարեն ԲՀԿ ցուցակում պետք է լիներ Աշտարակի բնակիչ, Աշտարակ քաղաքի ավագանու անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի սանիկ Սարիբեկ Օվոյանը, սակայն վերջին պահին ամեն ինչ փոխվել է:

Մենք կապ հաստատեցինք Սարիբեկ Օվոյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունները: Նա պատմեց, որ ԲՀԿ ցուցակը հրապարակելու օրն է միայն իմացել, որ ինքն առաջադրված թեկնածուների մեջ չէ, և նրան փոխարինելու է նախկին ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը:

Հարցին, թե արդյո՞ք իր թեկնածությունը առաջարկվել է Ձեր քավորի՝ Լյովա Խաչատրյանի կողմից, Ս. Օվոյանը պատասխանեց, որ կարելի է այդպես էլ ասել:
Նշենք, որ դաշինքի չորս թեկնածուները Թալինից են, երկուսը՝ Աշտարակից, այն պարագայում, որ Թալինը բնակչությամբ և տարածքով ավելի փոքր է Աշտարակից, իսկ Սարիբեկ Օվոյանի փոխարեն առաջադրված Խաչիկ Մանուկյանը հենց Թալինում է առաջադրվել:

Մեր այն հարցին՝ եթե քաղաքում հայտնի եք որպես լավ վարկանիշով, կրիմնիալ անցյալ չուեցող անձ՝ ինչո՞ւ Ձեզ դուրս թողեցին ցուցակից, որովհետև թո՞ւյլ թեկնածու էիք՝ Ս. Օվոյանն այսպես պատասխանեց. «Իրականում ես ուժեղ էի, գուցե դրա համար»:

Նա նշեց, որ ինքը նեղացած չէ, որ իրեն ցուցակից դուրս են թողել. «Նեղանալը քաղաքական կատեգորիա չէ, իմ թիմը ստարտային վիճակում էր, շատերի հետ էլ ունեի քաղաքական պայմանավորվածություն, լրիվ քաղաքակիրթ պայքարի մթնոլորտում ես հավակնում էի լուրջ ձայների: Իմ տեսակը կզարդարեր ցանկացած ռեյտինգային ցուցակ»:

Հարցին, թե կլինի՞ նա համամասնական ցուցակում՝ Ս. Օվոյանը պատասխանեց, որ դեռևս ամեն ինչ բանակցությունների փուլում է, համապետական ցուցակը վերջնական տեսքի կգա փետրվարի 26-ին:

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է նա գնահատում իր փոխարեն ցուցակում հայտնված Խաչիկ Մանուկյանի հայտարարությունը, որ ՀՀԿ-ում տեղ չկար, դրա համար է նա «Ծառուկյան» դաշինքի ցուցակում ընդգրկվել, և արդյոք արդարացի՞ է իր փոխարեն Մանուկյանին ցուցակում ընդգրկելը, Ս. Օվոյանն այսպես պատասխանեց. «Քաղաքական գործընթացներում դերակատարներն են որոշում իրենց դերի, տեղի չափն ու քանակը: Չեմ կարող գնահատական տալ, արդարացիությունը ցույց կտա ապրիլի 3-ը»:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ըստ նրա՝ ի՞նչ շանսեր ունի «Ծառուկյան» դաշինքը: Ի պատասխան՝ նա ասաց, որ այս պահի դրությամբ «Ծառուկյան» դաշինքը եթե ոչ առաջին, կարող է հանգիստ դառնալ խորհրդարան անցնող երկրորդ քաղաքական ուժը: Հարցին, թե այլ ուժերի կողմից իրենց ցուցակներում ընդգրկվելու առաջարկներ ունեցե՞լ է՝ Ս. Օվոյանը պատասխանեց, որ ունեցել է, բայց դրանք քննարկման ենթակա չեն:

Մեր ճշտող հարցին՝ եթե եղել են տարբեր առաջարկներ, ինչո՞ւ է հենց այս դաշինքի առաջարկը նա ընդունել՝ Ս. Օվոյանը պատասխանեց. ««Ծառուկյան» դաշինքն ի զորու է լուծել սոցիալական ուղղվածության խնդիրներ, ինչը չեմ տեսել մյուս ուժերում, որոնք ինձ առաջարկություն են արել»:

Տեսանյութեր

Լրահոս