Ազատության հրապարակից մեկնարկեց «Սասնա ծռեր» շարժման երթը
Ազատության ՀՐԱՊԱՐԱԿԻՑ մեկնարկեց «Սասնա ծռեր» շարժման երթը, որի կարգախոսն է՝ «Կյանք և ազատություն «Հաց բերողին»»:
Երթի մասնակիցները պահանջում են ազատ արձակել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին: Լրագրողների հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանն ասաց, որ երթով գնալու են նախ՝ Արդարադատության նախարարություն, ապա՝ դատապարտյալների հիվանդանոց: Նա ասաց, որ փաստաբանների տեղեկացմամբ` Արթուրի առողջական վիճակը վատ է.
«Արթուր Սարգսյանը չի ընդունում ընկերների խորհուրդը և չի դադարեցնում հացադուլը»:
Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է պահանջի, որպեսզի դադարեցնեն Արթուր Սարգսյանին հետապնդել.
«Ոչ միայն այս ձևով պետք է լինի պայքարը, այլ նաև կազմակերպություններն ու կուսակցությունները պետք է իրենց խոսքն ասեն: Ընտրարշավի գնացող կուսակցությունները պետք է, չէ՞, ինչ-որ ձևով իրենց վերաբերմունքը ցույց տան»:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն էլ ընդգծեց, որ այս քայլով վարչախումբը ցույց է տալիս՝ բարոյական արժեքներ չունի.
«Ինչքան էլ նրանք փորձեցին այնպես անել, որ ժողովրդի ընդվզման փաստի առաջ չկանգնեն, բայց տեսնում են, որ ժողովուրդը երբեք չի զիջել, ու Արթուր Սարգսյանը հենց այդ կերպարի մարմնավորումն է: Նրան ապացուցում են իրենց ջղաձգությունն ու վախվորածությունը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում