«Ես կոչ եմ անում ձեզ` վառոդը չոր պահել, քանի որ մեր պայքարը դեռ շարունակվում է». Սերժ Սարգսյան
Այսօր Երկրապահ կամավորականների միության համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսայնը հայտարարեց, որ Երկրապահը կազմավորվել է մեր նորագույն պետականությանը զուգընթաց, ունեցել է նշանակալի դերակատարում Արցախի պահպանության գործում: Ըստ նրա` «երկրապահ» նշանակում է ուժեղ անհատ և վառ անհատականությունների դաշինք, երկրապահը սկզբունքներ է ձևավորել, որի հիմքը դրել է Վազգեն Սարգսյանը:
«Միշտ ծառի մասին դատում են ըստ պտուղի որակի: Բոլոր հոռետեսները թող նայեն ու փարատեն իրենց կասկածները, մեր երիտասարդությունը, ազատատենչ ու խրոխտ սերունդն ապացուցում է, որ մեր կենաց ծառն առողջ է, ամուր և արգասաբեր»,- ասաց Ս.Սարգսյանը:
Նա նշեց, որ ԵԿՄ-ն տարիներ շարունակ կրկնել է, որ հայզինվորի կողքին է. «Թող ոչ մեկ չկասկածի, որ մենք նվիրված ենք մեր հայրենիքի պաշտպանությանը, հավատարիմ ենք նահատակված զինակից ընկերների հիշատակին: ԵԿՄ-ն` լինելով հասարակական կազմակերպություն, մեզանում ձեռք է բերել շատ յուրահատուկ կշիռ: Այս իրողությունը խոսում է ձեր ուժի մասին, հասարակության մեջ ունեցած հեղինակության մասին»:
Ս.Սարգսյանի խոսքով` այսօր Հայաստանը կանգնած է լուրջ կերպարանափոխության շեմին, իրականացվում է դեպի խորհրդարանական կառավարում անցման պրոցեսը: Ըստ նրա` իրենք պարտավոր են այդ անցումն անցկացնել անցնցում, այս ընթացքում երաշխավորել կայունություն ու անվտանգություն:
Ս.Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ-ն ներկայանալու է մի թիմով, որը ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ է լինելու Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի և մնացած բոլոր ամբիոններից ձայն բարձրացնել. «Նրանք մարդկանց չեն խաբելու, չեն ասելու, որ մի տարի հետո Հայաստանը դարձնելու են դրախտ, չեն խաբելու, որ եթե քվեն տաք իրենց, հոսանքն ու գազն անվճար են դարձնելու, երիտասարդներին բանակ չեն տանելու: Նրանք ասելու են այն, ինչ անելու են, մեր երկիրը առաջ են տանելու»:
«Այդ ընտրություններին մենք գնում ենք քաջածանոթ մարդկանցով, բայց նոր թիմով»,- ասաց Ս.Սարգսյանը:
Անդրադառնալով Արցախի խնդրին` Ս.Սարգսյանը նշեց, որ հակառակորդը սին պատրանքներ ունի, թե Հայաստանում զբաղված են ընտրություններով, և կարող է փորձել օգտագործել պահը. «Մենք Ադրբեջանին տառապանք չենք ցանկանում, բայց ոչ մեկին թույլ չենք տա տենչալ հայ ժողովրդի տառապանքը»:
Ըստ նրա` ինչպես Արցախի ժողովուրդը կորոշի, այնպես էլ կլինի Արցախի ապագան, իսկ այս դահլիճում և դրսում գտնվողները սարի պես կանգնած են Արցախի թիկունքին:
«Ես կոչ եմ անում ձեզ` վառոդը չոր պահել, քանի որ մեր պայքարը դեռ շարունակվում է»,- ասաց Ս.Սարգսյանը: